Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլա քաղաքում, հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի անհրաժեշտության մասին։ Այս մասին բանակցությունների արդյունքներով տեղեկացրել է Պաղեստինի առաջնորդի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Աբասը Բլինքենին հայտարարել է անհապաղ հրադադարի և Գազայի հատված մարդասիրական օգնության հոսքը թույլ տալու  անհրաժեշտության մասին», - Աբու Ռուդեյնայի խոսքն է մեջբերում Al Hadath հեռուստաալիքը:

ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, «հաստատել է մարդասիրական օգնություն տրամադրելու և Գազայի հատվածի կենսապահովման ծառայությունների աշխատանքը վերսկսելու հարցում  իր հանձնառությունը»։ Նա նաև ընդգծել է, որ «Վաշինգտոնը մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանումը» և «հավատարիմ է սեփական պետության ստեղծման  պաղեստինցիների հույսերի իրականացմանն ուղղված ջանքերին»:

Բլինքենն այցով ժամանել է Ռամալլա, որտեղ գտնվում է Պաղեստինի նախագահի շտաբը, ինչն  ի սկզբանե նախատեսված չի եղել նրա մերձավորարևելյան շրջագայության շրջանակում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Mayadeen հեռուստաալիքը, Աբասի հետ հանդիպումից անմիջապես հետո, որից հետո պաշտոնական հայտարարություններ չեն հնչել, նա հեռացել է Ռամալլայից։

Ինչպես հայտնել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը շրջագայության է մեկնել Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներ։ Նա պարզաբանել է, որ Բլինքենը ծրագրում է նոյեմբերի 2-ից 10-ը այցելել Թել Ավիվ, Ամման, Անկարա, Տոկիո, Սեուլ և Նյու Դելի։ Այսօր իրաքյան «Բաղդադ» լրատվական պորտալը հայտնել էր, որ Բլինքենը նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով կժամանի Բաղդադ: