ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք հնարավորություն կունենան կրճատված ժամկետով ծառայել, կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել ծառայությունից և պատասխանատվությունից։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համոզված է, որ իր հեղինակած օրենքի նախագիծը լրացուցիչ զորակոչ կապահովի հայկական բանակի համար՝ նրան տալով մեծ ֆինանսական հոսքեր, ինչը նաև կամրապնդի Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը։
«Շատ հաճախ ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել և խուսափել զինծառայությունից ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերում է միայն 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին։ Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները հնարավորություն չունեն ծառայելու։
Քաղաքացին հայտնաբերվելու կամ կամովին ներկայանալու դեպքում ունի մեկ տարբերակ՝ ազատազրկվել կալանավորմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր օրինագծով, եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ, բայց ցանկանում է գալ և ծառայել զինված ուժերում՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից, նրան ընձեռվում է նման հնարավորություն, հետևաբար, անտեղի է այն պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում»,- ասաց ԱԺ պատգամավորը։
Հայկ Սարգսյանն ասաց, թե 2021 թվականին ԱԺ-ի կողմից համաներում է ընդունվել բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չէին ծառայել հայոց բանակում. «Նրանք հնարավորություն ունեցան ներկայանալու և ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր։ Ես դեմ եմ այդ համաներմանը, հիմա էլ եմ դեմ»։





























