Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը նպատակ ունի լիովին ոչնչացնել ՀԱՄԱՍ խմբավորումը, որովհետեւ հակառակ դեպքում այն վտանգ կներկայացնի ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ արեւմտյան երկրների համար։
«Մենք պետք է հաղթենք ոչ միայն հանուն մեզ, այլեւ հանուն Մերձավոր Արեւելքի, մեր արաբ հարեւանների... Եթե մենք հիմա չհաղթենք, ապա Եվրոպան եւ դուք (ԱՄՆ-ն) հաջորդն եք լինելու»,- ասել է Նեթանյահուն Fox News ամերիկյան հեռուստաալիքի հարցազրույցում։
«Յուրաքանչյուր ամերիկացի, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր սպառնալիքի տակ կլինի։ Մենք պետք է հաղթենք։ Եվ ոչնչով չի կարելի փոխարինել հաղթանակը։ Միայն լիակատար հաղթանակ»,- նշել է Իսրայելի վարչապետը։
Նա նորից դեմ է արտահայտվել հրադադարին, եթե ազատ չարձակվեն իսրայելցի բոլոր պատանդները։ Նրա խոսքով՝ դա կնշանակեր, որ Իսրայելը «հանձնվել է ՀԱՄԱՍ-ին»։
Նեթանյահուն մեկնաբանել է նաեւ բողոքներն ի աջակցություն պաղեստինցիների տարբեր երկրներում՝ նշելով, որ «մենք չենք տրվի ճնշմանը»։ «Մենք անում ենք այն, ինչը ճիշտ է, եւ հաղթանակ կտանենք այս պատերազմում հանուն մեզ եւ հանուն մարդկության ու քաղաքակրթության»,- ասել է նա։





























