Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հոկտեմբերի 26-ին, ընդունել է Փարիզի քաղաքապետ Բերթրան Դելանոեին եւ շնորհակալություն հայտնել վերջին տասնամյակի ընթացքում համատեղ իրականացրած ծրագրերի համար:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարը նշել է, որ այս վերջին մեկ ամիսը Հայաստանի համար նշանավորվել է իբրեւ հայ-ֆրանսիական բարեկամության ամիս, որն սկսվեց ՀՀ նախագահի պաշտոնական այցելությամբ Փարիզ, Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցով եւ ավարտվում է ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեային` Երեւանում անցկացվող տարեկան նիստով, որը նաեւ ուղեկցվում է Փարիզի քաղաքապետի անդրանիկ այցելությամբ մեր երկիր։

Նալբանդյանն իր խոսքում, մասնավորապես, կարեւորել է Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ Ելիսեյան դաշտերի հարեւանությամբ, Կոմիտասի արձանի բացումը, Երեւանի պուրակի բացումը, ինչպես նաեւ Փարիզի քաղաքապետարանում արդեն ավանդական դարձած ամենամյա ընդունելությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Փարիզի քաղաքապետարանի ակտիվ մասնակցությունը Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին։ «Այս ամենը իրագործվել է Ձեր քաղաքապետության օրոք, եւ Երեւանում հիշում են այդ մասին», - ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Բերտրան Դելանոեն ասել է, որ ինքն ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան եւ վստահ է, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը առավել կխորացնեն  կապերը մեր երկու մայրաքաղաքների, երկրների ու ժողովուրդների միջեւ։

ՀՀ ԱԳ նախարարն ու Փարիզի քաղաքապետը երկուստեք կարեւորել են ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի` Երեւանում անցկացվող տարեկան նիստը, վստահություն հայտնելով, որ այն նաեւ մեծապես կամրապնդի Հայաստանի դիրքերը ֆրանկոֆոն երկրների ընտանիքում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցեր։