Պատասխանատու լեռնահանքային արդյունաբերությունը տնտեսության զարգացման շարժիչն է։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է տնտեսագետ Նաիրի Դերզյանը։

Նա հիշեցրել է, որ լեռնահանքային արդյունաբերությունը, ՀՀ կառավարության ռազմավարության համաձայն, պետք է զարգանա կայուն օրակարգով՝ հանրային բարեկեցության ապահովման նպատակով, եւ համապատասխանի կառավարչական եւ բնապահպանական չափորոշիչներին։

Նրա գնահատմամբ՝ չկա երկիր, որը գիտակցաբար կհրաժարվի օգտակար հանածոների արդյունահանումից, քանի որ այն, ինչ արտադրվում է այժմ, ծառայում է ապագա սերունդների բարօրությանը՝ տնտեսական զարգացման ավելի բարձր տեմպեր ապահովելու համար։

Կայուն զարգացման գծով խորհրդական Պետար Կոստովիչը, իր հերթին, տեղեկացրել է, որ արտադրության ոչ թվային ցուցանիշների պահանջները ամբողջ աշխարհում ավելանում են։ Նա ավելացրել է, որ այժմ թողարկվում են «կանաչ» արժեթղթեր, որոնց տոկոսադրույքները շատ ավելի ցածր են, քան սովորական արժեթղթերինը։

«Սա դրական փոփոխություն է, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ընթանում է այդ ճանապարհով։ Փոխվում են մատակարարումների շղթաները, եւ լեռնահանքային արդյունաբերությունը գտնվում է այդ փոփոխությունների կենտրոնում, ընդգծել է փորձագետը։