«Մայր Հայաստանը» դեկտեմբերի 26-ին նիստերի դահլիճում բոյկոտելու է այդ նախագծերը, որոնք միտված են մտնել երեւանցու գրպանը, ոչ մի լուծում չտալ տրանսպորտային խնդիրներին, քաղաքը դարձնել սեփական քմահաճույքների կենտրոն իշխանությունների համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, իրազեկման ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը։
«Տոտալ թանկացումները Ձմեռ պապիկի ամանորյա նվերն են երեւանցիներին։ Իրենք օրենքի անվան տակ պատրաստվում են մտնել երեւանցիների գրպանը եւ՛ կարմիր կետագծերի վերավերյալ, եւ՛ տեղական տուրքերի եւ հարկերի վերաբերյալ, եւ օրինակ՝ մասնավոր գերեզմանատների վերաբերյալ, եւ՛ ստորգետնյա ավտոկայանատեղերի վերաբերյալ, համատարած թանկացումներ են։ «Մայր Հայաստանն» իր առջեւ խնդիր է դրել այդ թեմայով առնչվել երեւանցիների հետ, մարդկանց իրազեկել եւ փորձել հանրային մթնոլորտ գեներացնել՝ կանխելու այն թանկացումները, որոնք իշխանությունները դեկտեմբերի 26-ի ավագանու օրակարգ են բերել»,- նշեց նա։





























