Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց լրացուցիչ 12 մլն դրամ հատկացնել թվով 6 մարզիկների պատվովճար հատկացնելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2023-ի պետական բյուջեով «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» միջոցառմանը հատկացված է 171,198.0 հազար դրամ:

Պատվովճար ստանալու համար թվով 6 մարզիկ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը ներկայացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և ստորագրել հանրապետությունում գտնվելու մասին հայտարարությունը:

Հիմք ընդունելով հաստատված կարգը՝ համաձայն որի միևնույն մարզիկը կարող է ստանալ երկու պատվովճար այն դեպքում, երբ դարձել է և՛ աշխարհի չեմպիոն, և՛ օլիմպիական խաղերի չեմպիոն (շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն) կամ և՛ աշխարհի չեմպիոն, և՛ օլիմպիական խաղերի մրցանակակիր (շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիր) և յուրաքանչյուր մարզիկին չի կարող տրամադրվել երկուսից ավելի պատվովճար, անհրաժեշտություն է առաջացել երկու  աշխարհի չեմպիոնների, օլիմպիական խաղերի երեք մրցանակակիրների և  մեկ  շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնին  հատկացնել վերջիններիս պատվովճարը՝ ընդհանուր 12 մլն դրամ:

Բացի այդ, «ՀՀ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության արդյունքում ՀՀ տարվա 10 լավագույն ճանաչված մարզիկներին առանց հարկերի և տուրքերի 5 մլն-ական դրամ տրամադրելու և կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու համար (1,5 մլն դրամ), պահանջվում է լրացուցիչ 12,5 մլն դրամ՝ նշյալ անձանց պարգևատրման մասով առաջացող հարկային պարտավորությունները վճարելու համար: