Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստն առանձնահատուկ էր նարնով, որ իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարարներ։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նման ձևաչափի ընտրությունը պայմանվորեց նրանով, որ տարվա արդյունքներն   ամփոփելիս շատ կաևոր է հասկանալ ոչ միայն տնտեսությունում, ձեռնարկություններում արձանագրված ցուցանիշները, այլ նաև այն տեսլականը, որը պետությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, որդեգրել է  2024 թվականի համար։

«Կարևոր է իմանալ թե գործադիրն  ինչ ծրագրեր է մշակել, ինչ ռազմավարական տեսակետ, ինչ ենթակառուցվածքային նախագծեր ունի տնտեսության զարգացման ուղղությամբ, որոնց  գործարարներս կարող ենք մասնակցություն ունենալ, դրանք հասկանալով՝ կարողանանք նաև մեր բիզնեսի հեռանկարը կառավարել և այսօրվա արձանագրված տնտեսական աճի տեմպերը, ցուցանիշները պահպանել»,-մասնակցության համար շնորհակալական խոսք հղելով նախարարին և աշխատակազմի ներկայացուցիչներին՝ նշեց Արսեն Ղազարյանը։

ՀԱԳՄ նախագահի գնահատմամբ՝ 2023-ը տնտեսական առումով հաջող տարիներից է․ գրանցվել են արտահանման ցուցանիշների աճ,  տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների առումով ժամանակահատվածը  եղել է բավական հաջող և խոստումնալից, բարելավում կա նաև  կենսամակարդակի առումով։  «Թեև տարին տնտեսական էր, բայց սեպտեմբերյան դեպքերից հետո ունեցանք նաև տխուր իրողություններ, երբ ձևավորվեց պատմական Հայաստանի ևս մեկ մաս»,-նշեց Արսեն Ղազարյանը, հավելելով, որ Արցախի բռնի հայաթափումից հետո Միությունում տեղի են ունեցել քննարկումներ, մշակվել քայլեր՝ միտված արցախահայության գենի պահպանմանը։

Հրապարակվել է ՀԱԳՄ կոչը հայ գործարարությանը, և այսօր Միության շատ անդամներ ակտիվ աշխատում են փախստական հայրենակիցների սոցիալական, աշխատանքով ապահովման հարցերով։ «Այդ իմաստով տարին ծանր էր, բայց 120 հազար ազգաբնակչության 3-4 օրում Հայաստան հարկադիր տեղափոխումը մեր տնտեսությունը, կյանքը կաթվածահար չարեց։ Թերևս սա պայմանավորված էր դժվարություններին դիմակայելու մեր կարողությամբ, ՝ արցախահայության հզոր կենսունակությամբ»,-ասաց Արսեն Ղազարյանը։

Շնորհակալություն հայտնելով ընձեռված հնարավորության համար՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ տարվա ընթացքում նույնպես բազմաթիվ հանդիպումներ ունենում են ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ։ «Տարեվերջյան այս ամփոփիչ հանդիպումը ևս շատ կարևոր է, և պետք է խոստովանեմ, որ նման երկխոսությունը օգնում է մեզ չկտրվել իրականությունից, մնալ ռեալ տնտեսության մեջ, իրական կյանքի շրջանակներում»,-ասաց նախարարը։