Ամանորին մենք ներքին շուկան ամբողջովին կապահովենք թե՛ ձվով, թե՛ հավի մսով։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի թռչնաբուծական ֆերմերների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Ըստ նրա, վերջին թանկացումները նպատակ ունեն վերադարձնել այն վնասները, որոնք կրել են տնտեսվարող սուբյեկտները տարվա ընթացքում։

Նա վստահեցրել է, որ մինչև 2023 թվականի օգոստոսը գերարտադրության պատճառով արտադրողները ձուն ինքնարժեքից ցած են վաճառել։

«Միայն այս ամիս է ձվի թանկացում  եղել։ Ընդհանուր առմամբ գների աճի միտումը կպահպանվի մինչև Ամանոր։ Հունվարին գները չեն բարձրանա, բայց փետրվարին կարող են աճել»,- հավելել է Ստեփանյանը։

Նա հայտնել է, որ կերի 90%-ը ներկրվում է Ռուսաստանից, մնացած բաղադրիչները՝ եվրոպական երկրներից։

«Եվրոպացիները այս բաղադրիչները չեն վաճառում ոչ Ռուսաստանին, ոչ էլ Հայաստանին՝ վախենալով վերաարտահանումից։ Կերի խնդիր միշտ կա, քանի դեռ Վերին Լարսի անցակետում խնդիր կա»,- ընդգծել է փորձագետը։

Նշենք, որ մեկ ձվի միջին գինը Հայաստանում տատանվում է 70-80 դրամի (մոտ 20 ցենտ), իսկ հավի մեկ կիլոգրամը` 1800-2000 դրամի (5 դոլար) սահմաններում։

Արամ Դանիելյան