Այս տարի Հայաստանից արտահանվել է մոտ 8 մլն ձու և միայն Ռուսաստան։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի թռչնաբուծական ֆերմերների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Նա պարզաբանել է, որ արտահանումը տեղի է ունեցել փետրվարին։
«2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 20 միլիոն ձու։ Գերարտադրության պատճառով մենք ստիպված եղանք կրճատել հավերի գլխաքանակը, դա հանգեցրեց փոքր տնտեսությունների փակմանը, որոնք ստեղծվել էին կառավարության աջակցությամբ: Միայն խոշոր տնտեսություններն են ինչ-որ կերպ գոյատևել»,- հավելել է փորձագետը:
Նա բացառել է Հայաստանից Ռուսաստան ձվի արտահանման ծավալների ավելացումը, քանի որ Ռուսաստանի Դաշնություն մեծ քանակությամբ արտադրանք կարող է ներմուծվել այլ երկրներից, ինչը կնվազեցնի հայկական արտադրանքի մրցունակությունը։
«Մենք չգիտեինք, որ Ռուսաստանում կլինի այսպիսի պահանջարկ, ինչպիսին հիմա է, այլապես ակտիվորեն հավեր կներմուծեինք։ Այն ժամանակ մենք շուկա չունեինք արտադրանքի ավելցուկը սպառելու համար։ Հիմա արտադրությունը չենք ավելացնի, քանի որ դա վտանգավոր է։ Արտադրությունը հնարավոր կլինի ավելացնել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը պաշտոնապես նման առաջարկ անի, ինչը, սակայն, չի անում։
Մենք նախկինում Ռուսաստանին առաջարկել էինք համատեղ տոհմային թռչնաբուծություն ստեղծել։ Սա ձեռնտու կլիներ նաև Ռուսաստանին, որտեղ հաճախակի են թռչնագրիպի բռնկումները, մինչդեռ Հայաստանում թռչնագրիպ չի գրանցվել արդեն 25 տարուց ավելի։ Սակայն ռուսական կողմը չհամաձայնեց»,- ընդգծել է Ստեփանյանը։
Նշենք, որ Ռուսաստանում այժմ հավի ձվի պակաս կա, և երկիրը ստիպված է մեծացնել այդ ապրանքի ներմուծումը այլ երկրներից։
Արամ Դանիելյան





























