Գործարար Բարսեղ Բեգլարյանին վերագրվող հանցավոր արարքը բացակայում է։ Այս մասին դատարանում եզրափակիչ ճառում նշեց Բեգլարյանի պաշտպանը։

Նրա խոսքով՝ գործում նրա անմեղության կանխավարկածը հաղթահարող որևէ ապացույցով չի հաստատվում, որ որևէ եղանակով Բարսեղ Բեգլարյանը միջամտել է գոյություն չունեցող հափշտակությանը։

«Առաջադրված մեղադրանքն անհիմն է, գումարի բռնագանձման պահանջը նույնպես անհիմն է, ուստի նրան միջնորդում եմ ճանաչել անմեղ»,- ընդգծեց պաշտպանը։

Ճառին միացավ նաև Բարսեղ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Նախորդ նիստին էլ գործով մեղադրող դատախազն էր հանդես եկել մեղադրական ճառով։ Դատախազը միջնորդել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։