Միայն այս տարի Երեւանում 3,8 մլն քառակուսի մետր կառուցապատման թույլտվություն է տրվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ահռելի ծավալների կառուցապատումներ են իրականացվել եւ ես հուսով եմ, որ նոր տուրքերը կզսպեն Երեւանում կառուցապատման նոր ծրագրերը, եւ որոշակի չափով կառուցապատումները կտեղափոխվեն Երեւանից դուրս»,-ասաց Ավինյանը՝ խոստովանելով, որ լինում են ուշացումներ ոչ միայն կառուցապատողների կողմից, այլեւ քաղաքապետարանի:
Անդրադառնալով «Վերածնունդ» թաղամասին, որտեղ քաղաքապետարանը թույլ չի տալիս գազատարն անցկացնել ըստ գենպլանի, քանի որ այդտեղ ակացիաներ են տնկվել, Ավինյանն ասաց. «Թաղամասի հետ կապված խնդիր չկա: Եթե պրոբլեմ կա, այն կառուցապատողի մոտ է: Անընդհատ մատնացույց անել Երեւանի քաղաքապետարանին եւ ասել՝ քաղաքապետարանն ինձ ավարտական ակտ չի տալիս, բայց եթե դու նույնիսկ ավարտական ակտի դիմում չունես, որովհետեւ հնարավորություն չես ունեցել այդ ակտը ստանալու, որովհետեւ հրդեհային եւ անվտանգության տեսչական մարմնի կնիքը չես ունեցել: Հիմքում քննարկվել է՝ ճաք ունես, թե չունես, եւ այս պայմաններում մատնացույց անել քաղաքապետարանին եւ ասել, որ քաղաքապետարանն իրեն ինչ-որ բան չի տալի՞ս:
Տեսել ենք այդ կառուցապատողին Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցելիս, որ դպրոցի փոխարեն մի հատ էլ է շենք կառուցել: Այս մանիպուլյացիաներն անթույլատրելի են եւ նույնիսկ կպատժվեն խստորեն: Այո, ակացիաներ ծառահատելը խնդիր է: Այո, լուծումները կգտնենք, բայց անընդհատ Երեւանի քաղաքապետարանին մատնացույց պետք չի անել, որովհետեւ մենք էլ կարող ենք խոսել ու մանրամասնորեն»:





























