Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ Եգիպտոսի և Գազայի միջև սահմանը պետք է փակվի, հայտնում է CNN-ը։

Մամուլի ճեպազրույցի ժամանակ Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համարի պատերազմն ավարտված, քանի դեռ չի փակել, այսպես կոչված, «Ֆիլադելֆիայի միջանցքը»՝ 14 կիլոմետրանոց ցամաքային գոտին, որը բուֆերային գոտի է ծառայում  Եգիպտոսի և Գազայի սահմանին:

«Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը, կապառազմականացնենք Գազան, բայց ռազմական տեխնիկան և այլ մահաբեր զենքերը կշարունակեն գալ  հարավային այս անցումը, ուստի, անկասկած, մենք պետք է փակենք այն», - ասել է Նաթանյահուն:

Եգիպտոսն ավելի վաղ նախազգուշացրել էր Իսրայելին միջանցքում ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու մասին, հայտնում է եգիպտական ​​Ahram Online պորտալը։ Գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրի, հոկտեմբերին հայտնել էր, որ Իսրայելի ցանկացած ներխուժում Ֆիլադելֆիայի միջանցք կհամարվի 1979 թվականին եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագրի խախտում:

Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Աբու Զեյդը շաբաթ օրը եգիպտական ​​Sada Al-Balad հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է․ «Եգիպտոսը լիովին վերահսկում է իր սահմանները  որ այդ հարցերը կարգավորվում են  ներգրավված երկրների միջև իրավական  և անվտանգության համաձայնագրերով, ուստի այս հարցի վերաբերյալ ցանկացած խոսակցություն, որպես կանոն, ենթակա է մանրակրկիտ ուսումնասիրության և դրան արձագանք է տրվում  հայտարարված դիրքորոշմամբ»։

Գազան երկու կողմից սահմանակից է Իսրայելին, և նրա Միջերկրական ծովի ափն ու օդային տարածքը նույնպես գտնվում են Իսրայելի խիստ շրջափակման տակ: Եգիպտական ​​Ռաֆահը միակ սահմանային անցակետն է, որը չի վերահսկվում Իսրայելի կողմից, թեև մուտքը նախկինի պես սահմանափակ է: