Աֆղանստանում կործանված Falcon 10 բիզնես-ջեթի օդաչու Արկադի Գրաչովին եւ նրա կնոջը մեղադրանք է ներկայացվել։ Նրանց սպառնում է 10 տարվա բանտարկություն։
«Արկադի Գրաչովին եւ նրա կնոջը սպառնում է 10 տարվա բանտարկություն»,- տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։ Այստեղ ավելացրել են, որ ավիավթարի պատճառ է եղել վառելիքի անբավարարությունը՝ վերալիցքավորման ժամանակ դրա սխալ հաշվարկի հետեւանքով, ինչպես նաեւ ուժեղ դիմահար քամին եւ բուքը։
Ինքնաթիռը պատկանում է «Ատլետիկ գրուպ» ընկերությանը, բայց թռիչքներն իրականացվել են մեկ այլ՝ «Ջեթ աերո» ընկերության միջոցով։ Ինքնաթիռում գտնվում էին բժիշկների բրիգադը եւ պացիենտ Աննա Եվսկյուկովան ամուսնու հետ, որոնք վարձակալել էին ինքնաթիռը Թաիլանդից վերադառնալու համար, տեղեկացրել է Թելեգրամ-ալիքը։
Աֆղանստանի լեռներում հունվարի 21-ին կործանվել է Falcon-10 բիզնես-ջեթը։ Վթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երկու ռուսաստանցի ուղեւորները եւ եւս չորս մարդիկ։ Ողջ մնացածներին տեղափոխել են Քաբուլի ռազմաբժշկական համալիր։



























