Կառավարությունում, այսօր` նոյեմբերի 2-ին, տեղի է ունեցել Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երկրորդ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդի կազմում ընդգրկված են պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ  ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք մշակել ենք մի նոր օրենսդրական փաթեթ, որը ներկայացրել ենք ԱԺ քննարկմանը: Այդ օրենսդրական փաթեթն ունի հետեւյալ տրամաբանությունը` հնարավորին չափ բարելավել միջավայրը փոքր եւ միջին բիզնեսի համար եւ հարկային բեռը տեղափոխել այն ոլորտներ, որտեղ կան ավելի բարձր եկամուտներ: Այդ տեսակետից ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի քանի փոփոխություններ, որ մենք առաջարկում ենք կատարել:

Առաջինը եկամտահարկի սանդղակն է, որն այսուհետեւ պետք է լինի պրոգրեսիվ սկզբունքով կազմված: Դա նշանակում է, որ եթե նախկինում մենք ունեինք 20 տոկոսանոց վերին շեմ, ապա այսօր մենք սահմանում ենք նաեւ լրացուցիչ մեկ աստիճան, որովհետեւ այսօր կա 10 տոկոս, 20 տոկոս, եւ մենք սահմանում ենք նաեւ 25 տոկոսանոց շեմ այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ստանում են 2 միլիոն դրամից ավելի եկամուտ: Նրանք պետք է վճարեն ոչ թե 20 տոկոս, այլ 25 տոկոս եկամտահարկ:

Երկրորդ կարեւորագույն փոփոխությունը, որ մենք կատարում ենք, վերաբերում է ալկոհոլային խմիչքներին: Այստեղ քաղաքականությունը հետեւյալն է. մենք պարտավոր ենք ապահովել հավասար հարկային դաշտ մեր արտադրողների եւ ներմուծողների համար, քանի որ պարտավոր ենք ալկոհոլային խմիչքների շուկայում հանդես գալ միջազգային կանոններին համապատասխան: Եթե մենք մեզ թույլ տանք անհավասար մոտեցում, ապա մեր գործընկերներ պետությունները նույնպես կարող են իրենց դա թույլ տալ: Մասնավորապես, Ռուսաստանը եւ Ուկրաինան, որոնք ահազանգում են, եւ եթե մենք ճշգրտումներ չկատարենք մեր օրենսդրության մեջ, կհայտնվենք ծանր վիճակում: Ճգնաժամի ժամանակ մենք նախապատվությունը տվեցինք մեր արտադրողներին, սանդղակները փոխեցինք: Հիմա ժամանակն է վերադառնալ հավասար պայմանների, ինչը կատարում ենք: Բայց միեւնույն ժամանակ մենք ավելացնում ենք հարկերն էլիտար խմիչքների վրա եւ 50 տոկոսով ավելացնում ենք օղու արժեքային դրույքաչափը` ներքին շեմը թողնելով անփոփոխ 500 դրամ: Դա նշանակում է, որ եթե մեր շուկայի 80 տոկոսն էժան օղիների շուկան է, 20 տոկոսը` էլիտար, ապա այդ 20 տոկոս էլիտար օղիների շուկայում տեղի կունենա գների որոշակի բարձրացում այս դրույքաչափի պատճառով: Սա մեր շուկայի վրա բացասական ազդեցություն չի թողնի, բայց իրականում մեր արտադրողների, նամանավանդ փոքր եւ միջին արտադրողների համար ավելի բարենպաստ պայման է ստեղծում, որովհետեւ նրանք գնային առումով ավելի լավ վիճակում են հայտվում, իսկ թանկ օղիներից մենք 2 միլիարդ դրամ լրացուցիչ կհավաքենք մեր բյուջեում:

Երրորդ կարեւոր փոփոխությունը, որ կատարում ենք, այսպես կոչված, շքեղության հարկն է: Մենք առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մեքենաների վրա բարձրացնում ենք դրույքաչափը: Խոսքը գնում է 90 հազար ԱՄՆ դոլարից ավելի բարձր գին ունեցող մեքենաների մասին, մաքսային արժեքի նկատմամբ դրույքաչափը բարձրացնում ենք 20 տոկոսով:

Չորրորդ առաջարկությունը, որ ներկայացրել ենք, խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման համար նախատեսված հաստատագրված վճարները ավելացնում ենք 50 տոկոսով` ակնկալելով 2 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ:

Փոքր եւ միջին բիզնեսի համար կարեւոր քայլ ենք կատարում. ընդլայնում  ենք արտոնագրային վճարների դաշտում գործունեության տեսակները: Խոսքը վերաբերում է հանրային սննդի գործունեությանը, հյուրանոցային տնտեսություններին, թեթեւ մարդատար մեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, վարսավիրանոցներին, ավտոտեխսպասարկման կայաններին, ավտոկանգառներին, բիլիարդ խաղերի կազմակերպմանը:

 Փոքր եւ միջին բիզնեսին վերաբերող հաջորդ կարեւոր փոփոխությունը հարկային գերավճարներն այլ պարտավորությունների դիմաց առանց ուսումնասիրման եւ ստուգումների հաշվանցման հնարավորության տրամադրումն է: Նախկինում ընդամենը 100 հազար դրամի պարագայում էր թույլատրվում գերավճարները հաշվանցել՝ առանց հարկային մարմնի ստուգման: Այսօր այդ շեմն օրենքով բարձրացնում ենք մինչեւ 10 միլիոն դրամ, որն առաջին հերթին վերաբերելու է փոքր եւ միջին բիզնեսին: Կարեւոր է նաեւ այն, որ պետության կողմից գերավճարների վերադարձման տույժ տուգանքները չեն դիտարկվելու որպես եկամուտ բիզնեսի համար եւ չեն հարկվելու:

 Ընդհանրապես ավելացված արժեքի հարկի հաշվանցումների դաշտն էապես պարզեցվում է այս փաթեթով, եւ դրա կիրառումն ավելի հեշտ է լինելու: Այս փաթեթով վերացվում է նաեւ հասույթների գրանցման գիրքը, որը մշտական դժգոհությունների առարկա էր: Էապես պարզեցվում է նաեւ առաքման դեպքերի բովանդակությունը՝ պակասեցվում է  լրացվող տողերի քանակը եւ այլն: Դա էլ հիմնականում վերաբերելու է խոշոր բիզնեսին:

Ի տարբերություն փոքր եւ միջին բիզնեսի՝ մենք խստացնում ենք պահանջները խոշոր բիզնեսի նկատմամբ եւ ավելացնում նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Դա վերաբերում է այն խոշոր բիզնեսին, որն զբաղվում է մեծածավալ ներկրումներով, սակայն չի ապահովում փաստաթղթաշրջանառությունը: Այս առումով լուրջ գործիքներ ենք տալիս պետական եկամուտների կոմիտեին:

Մեզ համար ստեղծում ենք նաեւ նոր գործիք՝ հանքաքարի, սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների, ինչպես նաեւ փայտանյութի արտահանման նկատմամբ սահմանելով պարտադիր վճարներ, որոնց նպատակն է՝ վերջիններիս վերամշակումը կազմակերպել Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում:

Բանկերի համար եւս առկա է մեկ փոփոխություն, որը վերաբերում է հիմնական միջոցների վերագնահատմանը: Ի տարբերություն իրական հատվածի, բանկերն ունեին արտոնություն, այսինքն` կարողանում էին ինքնուրույնաբար վերագնահատել իրենց հիմնական միջոցները, որն ազդում էր շահութահարկի բազայի գնահատման վրա: Այսօր մենք բանկային համակարգի այդ արտոնությունը վերացնում ենք, եւ նրանք նույնպես պարտավոր են լինելու օգտվել մասնավոր մասնագիտացված կառույցների ծառայություններից:

Առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղաշարժի պարագայում պատասխանատվության միջոցները եւս խստացնում ենք: Խոսքը վերաբերում է հիմնականում ամսական 15 միլիոն դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող խոշոր հարկ վճարողներին, որոնց կողմից ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման պարագայում պատասխանատվությունը նույնպես խստացվելու է:

Խոշոր գործարքների առումով ցանկանում ենք ներդնել նորմեր, որոնք պարտադրում են, որպեսզի խոշոր գործարքները լինեն անպայման անկանխիկ: Սա նույնպես փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծելու է ավելի բարենպաստ պայմաններ, որովհետեւ մեր ստացած հիմնական բողոքները վերաբերում են խոշոր բիզնեսի՝ փաստաթղթերի չտրամադրմանը փոքր բիզնեսին:

Ամփոփելով կարող ենք ասել, որ Ազգային ժողովին ներկայացվելիք մեր  հարկային փաթեթը փոքր եւ միջին բիզնեսի համար բարելավելու է միջավայրը, եւ հարկային վարչարարությունն է գնալու դեպի խոշոր բիզնեսը, իսկ ստուգումների քանակն էապես կրճատվելու է: Կրճատելու ենք նաեւ հաշվետվությունների քանակը, եթե փոքր բիզնեսն աշխատում է արտոնագրային դաշտում կամ հաստատագրված վճարներով»:

Համաձայն հաստատված օրակարգի` խորհրդի քարտուղար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է ՓՄՁ խորհրդի քարտուղարության հաշվետվությունը կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նիստում քննարկվել են գործարար համայնքի կողմից բարձրացված, ինչպես նաեւ խորհրդի կանոնադրությանն առնչվող  մի շարք հարցեր:

Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է խորհրդի քարտուղարությունում, ինչպես նաեւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել արծարծված հարցերը եւ ներկայացնել առաջարկություններ»: