Մրցակցային դաշտի ամբողջական ապահովումը Հայաստանի համար դեռեւս մնում է խնդրահարույց մի շարք օբյեկտիվ  պատճառներով: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ Ուիլիամ Կովաչիկի հետ հանդիպման ժամանակ:

Վերջինս հակամենաշնորհային եւ սպառողների շահերի պաշտպանության բնագավառներում խորհրդատվություն է տրամադրել Հայաստանի, Բենինի, Եգիպտոսի, Էլ Սալվադորի, Վրաստանի, Գայանայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Մարոկկոյի, Նեպալի, Պանամայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վիետնամի եւ Զիմբաբվեյի կառավարություններին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ազատ եւ արդար մրցակցության ապահովման համար: Այդ տեսակետից, կառավարության ղեկավարը կարեւորել է Ուիլիամ Կովաչիկի՝ հակամենաշնորհային քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման շուրջ հետագա համագործակցությունը:

Ուիլիամ Կովաչիկն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի  հակամենաշնորհային քաղաքականությամբ եւ դրա շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխություններով: Միջազգային փորձագետի գնահատմամբ՝ կառավարության այս քաղաքականությունը միջազգային ասպարեզում համարվում է լավագույններից մեկը: Ուիլիամ Կովաչիկը վարչապետ Սարգսյանին առաջարկել է մշակել համապատասխան ռազմավարություն, որով էլ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կկառուցի իր հետագա քաղաքականությունը:

Այս առումով կառավարության ղեկավարը կոչ է արել Ուիլիամ Կովաչիկին եւ    Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ աշխատել վերոնշյալ ռազմավարության եւ նոր առաջարկությունների ներդրման ուղղությամբ, որոնք կնպաստեն մեր երկրում հակամենաշնորհային քաղաքականության  ամրապնդմանն ու զարգացմանը: