Ամերիկացի մի քանի բարձրաստիճան դիվանագետներ հայտնել են պաշտոնական Վաշինգտոնի շահագրգռվածությունն ԱՄՆ-ի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու հարցում։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Հունվարի 22-ին Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ նկարագրեց այս պատմությունը։ Սրանից քիչ առաջ նմանատիպ մտքեր էր հայտնել պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Նրա խոսքով, Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը ուրախ կլիներ Վաշինգտոնում տեսնել իր գործընկերներին Բաքվից և Երևանից։ 2023-ի վերջին թվում էր, թե ԱՄՆ-ն ակնհայտորեն կանգ է առել հայ-ադրբեջանական բանակցային ուղու վրա։

Եվ մինչ Երեւանի հետ հարաբերությունները հիմնականում լավ էին զարգանում, Բաքվի հետ լուրջ դժվարություններ ի հայտ եկան։ Նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ 2023 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը «զրոյացրել է» երկկողմ հարաբերությունները։ Իր հերթին, հիշյալ Ջեյմս Օ'Բրայենը անցյալ նոյեմբերին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ուրվագծեց մի շարք պահանջներ Բաքվի դեմ. «Մենք հստակ հայտարարել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո (ղարաբաղյան երրորդ պատերազմը - նշում) Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ չենք տեսել առաջընթաց դեպի խաղաղություն։

Ուստի մենք չեղարկել ենք բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ և դատապարտել նրանց գործողությունները...»: Սակայն այսօր նկատվում են ամերիկա-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում ջերմացման որոշակի նախանշաններ (ինչը չի կարելի ասել Բաքվի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության մասին): Հունվարի 18-ին ԱՀ նախագահն ընդունել է Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբիի հավատարմագրերը։

Նախկինում նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել Պետքարտուղարության կենտրոնական գրասենյակում, օրինակ՝ եղել է Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի տնօրեն՝ վերահսկելով Թուրքիան, Հունաստանը և Կիպրոսը։

Տարեվերջին ԱՄՆ կորցրեց հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում որպես միջնորդ երկիր իր թափը։ Առաջիկա 2024 թվականին նրանք փորձում են վերականգնել, եթե ոչ առաջատար, ապա իրենց թողած դիրքերը։ Հունվարի վերջին կկայանա Անդրկովկասյան երկու հանրապետությունների սահմանագծման և սահմանազատման հերթական հանդիպումը։ Այս իրավիճակում Վաշինգտոնը շահագրգռված կլիներ ցույց տալ «քաղաքին ու աշխարհին». մեր դուրս գալը կովկասյան տարածաշրջանից առաջնահերթություն չէ, մեր ձեռքը դեռ «զարկերակի վրա է», գրում է քաղաքագետը։