Սերժ Սարգսյանը պաշտոնների է նշանակում մարդկանց, որոնք ձախողվել են իրենց նախորդ գործունեության մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների հրաժարականների շարքը:
«Ուզում եմ հիշեցնել, որ հրաժարականների շարքը կանխատեսվել էր հանրահավաքի ժամանակ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ լինելու են աղմկահարույց հրաժարականներ:
Սա ցույց է տալիս, որ իշխանության վիճակը կայուն չէ, բազմաթիվ հոսանքներ կան իշխանության մեջ, նաեւ կարծում եմ` հզոր ընդդիմության առկայությունը ստիպում է որոշակի վերադասավորումների գնալ»,- նշեց Կարապետյանը:
Վերջինս չի կիսում կարծիքը, թե այս հրաժարականների շարքով ցանկանում են շեղել հասարակության ուշադրությունն առավել կարեւոր հարցերից: «Չեմ կարծում, որ դա լուրջ է: 10 րոպե հետո այդ խնդիրները որ կան, նույն ուժով իրենց հիշեցնել են տալու: Շատ ավելի լուրջ գործընթացներ կան` կապված իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, ինչպես նաեւ մեր հռչակած մարտավարության հետ, մեր նոր պահանջի` Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ, ինչը ստիպել է իշխանություններին որոշակի վերադասավորումների գնալ»,- նկատեց Կարապետյանը:
Անդրադառնալով ոստիկանապետի փոփոխությանը եւ Վլադիմիր Գասպարյանի նշանակման փաստին` Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Վովա Գասպարյանը, ըստ էրեւույթին, մեծ վերապահում ունի միջազգային կառույցների վերաբերյալ եւ դրա մասին հրապարակային ասել է` նշելով, թե դրսից ֆինանսավորում ստացողների սիրտը չի կարող ցավալ հայոց բանակի համար: Եթե նույն տրամաբանությամբ հիմա շարժվի, պետք է հրաժարվի ԵԱՀԿ-ի մյուս միջազգային կառույցների աջակցությունից, որոնք ֆինանսավորում են ոստիկանությանը: Տեսնենք, թե որքանով սկզբունքային կլինի: Նաեւ նշեմ, որ նրա վրա դրված էր բանակում միջադեպերի քննությունը, այս հարցում նա նշանակալի գործունեությամբ աչքի չի ընկել: Տրամաբանական եմ համարում նրա նշանակումը ոստիկանապետի պաշտոնում, որովհետեւ Սերժ Սարգսյանը միշտ նշանակում է այն մարդկանց, որոնք ձախողվել են իրենց նախորդ գործունեության մեջ»:




























