Հայաստանի 2012  թ. պետական  բյուջեի նախագծով շուրջ  277.1  մլն  դրամ բնապահպանական սուբվենցիաների կհատկացվեն մի շարք համայնքների` իրենց տարածքում գտնվող ընկերությունների գործունեությունից տուժելու համար: Այդ մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նշենք, որ սուբվենցիայի ամենամեծ չափը նախատեսվել է Ալավերդի քաղաքի համար` 94.4 մլն դրամ, «Արմենիան  Քափր  Փրոգրամ»  ՓԲԸ-ի  գործունեությունից  վնասակար ազդեցության ենթարկվելու համար: Այդ նույն ընկերությունից «տուժած» Լոռիի մարզի Աքորի, Հաղպատ եւ Օձուն գյուղական համայնքներին կտրվի 23.6-ական մլն դրամ, իսկ Հագվի համայնքին` 8 մլն դրամ:

Նշենք, որ 2010 թ. այս ընկերությունը պետական բյուջեին վճարել է մոտ 1.8 մլրդ դրամի հարկեր: Փաստորեն` ընկերության վճարած հարկերի մոտ 10 տոկոսը ծախսվում է նրանց պատճառած վնասները մասամբ վերացնելու համար:

Երեւան քաղաքի բնապահպանական սուբվենցիան կազմում է 79.2 մլն դրամ: Որպես Երեւանին «վնասող» ընկերություններ նշվել են «Երեւանի ՋԷԿ»-ը, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ը, «Մաքուր Երկաթ»-ը, «Գաջ»-ը,    «Նաիրիտ»  գործարան»-ը եւ «Գաջեգործ»-ը:

Բնապահպանական սուբվենցիաներ կտրվեն նաեւ Ախթալային` 1.5 մլն դրամ («Ախթալայի  լեռնահարստացման  կոմբինատ»), Հրազդանին` 1.23 մլն դրամ («Միկա  ցեմենտ»), Չարենցավանին` 1.5 մլն դրամ («Ձուլակենտրոն» եւ «Ասկե-Գրուպ»), Մեծամորին` 0.77 մլն դրամ («Հայկական ատոմային էլեկտրակայան»), Սոթքին` 2.33 մլն դրամ («Գեոպրոմայնինգ Գոլդ»), Կապանին` 14.5 մլն դրամ («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»), Սյունիք համայնքին` 2.4 մլն դրամ («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»):

Հատկանշական է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վնասների համար հատուցում կստանան Կապանն ու Սյունիք գյուղը, բայց Քաջարանը, որտեղ էլ գտնվում է կոմբինատը, ոչինչ չի ստանում: