Թերթի հարցերին պատասխանում է Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը.
Այս օրերին լրատվական եւ քաղաքական շրջանակներում քննարկվող «ամենահրատապ» թեման իշխանության առանցքային պաշտոններում կատարված վերջին տեղաշարժերի հարցն է. այդ փոփոխությունները թելադրված են կառավարման համակարգը արդյունավետ դարձնելու անհրաժեշտությա՞մբ, թե՞ այդպիսով ընտրություններից առաջ «իշխանական ռեսուրսն» ամրապնդելու խնդիր է լուծվում։
Չեմ կարծում, թե այդ ամենը պետք է մեկ շղթայի մեջ նայել։ Եթե խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, ապա ԱԺ նախագահը պարզաբանել է իր հրաժարականի շարժառիթները. հանրապետության նախագահն առաջարկել է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, եւ որպեսզի ոչինչ չխանգարի` չափազանց կարեւոր ու պատասխանատու այդ գործընթացն իրականացնելու բարձր մակարդակով, ինքը նպատակահարմար է համարում վայր դնել ԱԺ նախագահի իրավասությունները եւ կենտրոնանալ ընտրությունների կազմակերպման աշխատանքների վրա։
Ոստիկանապետի, քաղաքապետի հետ կապված` կարող եմ ասել այն, ինչ կարդացել եմ մամուլում. ավելացնելու բան չունեմ։ Սրանք առանձին դրվագներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը եւ հիմնավորումը. որեւէ կապ չեմ տեսնում ոստիկանապետի, Երեւանի քաղաքապետի եւ ԱԺ նախագահի պաշտոնաթողության միջեւ։
Որոշ մեկնաբաններ պաշտոնանկությունների այս «ալիքը» շտապեցին կապել Տեր-Պետրոսյանի հրապարակած ցուցակի հետ, որտեղ, ի շարս «անհապաղ հեռացման» ենթակա մոտ մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների, նշված էր նաեւ Կ.Կարապետյանի եւ Ալիկ Սարգսյանի հրաժարականը. իբր նախագահը «կատարում է» ՀԱԿ-ի պահանջները։
Կարծում եմ, որեւէ մեկը չի մոռացել, որ Տեր-Պետրոսյանի հրապարակած ցուցակի ամենաառանցքային պաշտոնյան ինքը` հանրապետության նախագահն էր։ Այսինքն` այս ամենը ՀԱԿ-ի նախասիրությունների, պահանջների կամ ցանկությունների հետ որեւէ առնչություն չունի։
Նույն շրջանակները տեւական ժամանակ փորձում էին լարվածություն ստեղծել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում` կանխատեսելով իշխանական բուրգի մոտալուտ փլուզում եւ կոալիցիայի լուծարում։ Այս խնդիրը կարելի՞ է փակված համարել։
Նման խնդիր չի էլ եղել։ Դա ընդամենը մտացածին հարցադրում էր։ Վերջին զարգացումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ՀՀԿ-ԲՀԿ լարվածության, կոալիցիայից «Բարգավաճի» դուրս գալու մասին լուրերը խիստ չափազանցված էին։




























