Հայաստանի կառավարության շենքի առջեւ այսօր՝ նոյեմբերի 3-ին, շարունակվեց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների եւ «Բանակն իրականում» նախաձեռնության բողոքի ակցիան: Ոստիկանությունը ի տարբերություն նախորդ շաբաթվա, այս անգամ թույլ էր տվել ակցիայի մասնակիցներին հավաքվել կառավարության շենքի առջեւ, թեեւ միջոցներ էր ձեռնարկել կառավարության անդամների շփումը ցուցարարների հետ նվազագույնի հասցնելու համար՝ մեծ ուժեր կենտրոնացնելով:
Ակտիվիստ Վարդգես Գասպարին պարզել էր պաստառ՝ Վլադիմիր Գասպարյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկարներով եւ «Սադիստ մարդասպաններն են նրանց հուսալի հենարանը» մակագրությամբ: Կային նաեւ պաստառներ «Հայրենիք, պաշտպանիր զինվորիդ», «Բանակն առանց մարդասպանների» մակագրություններով:
Ի դեպ, ակցիայի մասնակիցները սպասում էին նոր ոստիկանապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին, ով սակայն, չէր ներկայացել կառավարության նիստին, իր փոխարեն ուղարկելով Արթուր Օսիկյանին:
Փոխարենը կառավարության նիստին եկել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով նախքան կառավարության շենք մտնելը կանգնեց եւ լսեց ծնողներին` հավաստիացնելով, թե բոլոր դեպքերը բացահայտվում են: Ի պատասխան զոհված զինվորների ծնողներից մի քանիսը պնդեցին, որ իրենց որդիների գործերն առ այսօր բացահայտված չեն:




























