Գյումրիի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել` կապված NEWS.am-ի «Գյումրիի քաղաքապետարանը վտարում է փաստաբաններին» լուրի հետ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«NEWS.am էլեկտրոնային կայքում տեղադրված «Գյումրիի քաղաքապետը վտարում է փաստաբաններին» վերտառությամբ նյութի կապակցությամբ, պարզաբանում ենք, որ փաստաբանների վկայակոչած շինությունը համայնքապատկան կառույց է, որը տասնամյակներ շարունակ օգտագործվել է որպես իրավաբանական կոնսուլտացիա: Այդ ամբողջ ժամանակահատվածում` մինչեւ այսօր, քաղաքապետարանին չի վճարվել ոչ մի դրամ վարձավճար:

Գյումրիի քաղաքապետի եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի միջեւ պաշտոնական համաձայնություն էր ձեռք բերվել սահմանել ամսական վարձավճարի չափ`սկզբում պալատին առաջարկվել էր 150.000 դրամ, ապա քաղաքապետն այն նվազեցրել էր մինչեւ 120.000 դրամ, որը հաստատվել էր ավագանու կողմից:

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նաեւ իր կողմից զիջել էր առաջիկա մեկ ամսվա վարձավճարի գումարը: Փաստաբանների փալատի նախագահը եւս խոստացել էր վճարել առաջիկա 3 ամիսների վարձը: Սակայն օրեր անց նա զանգով պաշտոնապես տեղեկացրել էր, որ հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածությունից, ասելով, որ ինքն այլեւս նպատակահարմար չի համարում աջակցել Գյումրիի իրավաբանական կոնսուլտացիային շինության վարձակալության հարցում, քանի որ գյումրեցի փաստաբանները պատրաստակամություն չեն հայտնել հետագա վճարումներն իրականացնելու հարցում: Չխորանալով փաստաբանական ծառայությունների դիմաց սահմանված գնացուցակի մեջ, նշենք, որ, քաղաքապետարանի առաջարկած գումարը ամենեւին էլ բարձր սակագին չէ, նկատի ունենալով նաեւ, որ նշված շինությունը գտնվում է քաղաքի կենտրոնում:

Այս ամենից ելնելով, քաղաքապետարանը պահանջել է ազատել համայնքի սեփականություն հանդիսացող շենքը:

Սակայն փաստաբանները հրաժարվում են ազատել նշված տարածքը:

Ուստի հիմնազուրկ է անանուն այն փաստաբանի պնդումը, թե իբր նրանց տեղյակ չի պահվել տարածքի ազատման մասին եւ թե իբր նրանց առաջարկվել է վաճառքի համար անտրամաբանական մեծ գումար»:

Այս խնդրի առնչությամբ, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ պայմանավորվել է Գյումրիի քաղաքապետարանի հետ գրասենյակի տարածքի վարձակալության վերաբերյալ, սակայն փաստաբանների խումբը վերջին պահին հրաժարվել է վարձակալության պայմանագիր կնքելուց: ՓՊ նախագահը վրդովված էր իր գործընկերների այդ վարմունքից` նշելով, որ Գյումրիի կենտրոնում 100 քառ.մետր տարածքի համար մոտ 15 փաստաբաններ պետք է ամսական 10 հազար դրամ վճարեին, այն դեպքում երբ քաղաքապետարանը 20 տարուց ավելի որեւէ կոպեկ չի գանձել իրեն պատկանող տարածքի համար: «Ես պատրաստ էի գնել այդ տարածքը, գումար տայի, որ օգտագործեն փաստաբանները: Ես կանգնած եմ իմ փաստաբանների թիկունքին: Դրա փոխարեն Հ.Չոմարյանն ինձ ասում է` միջնորդի, որ տարածքը մեզ նվիրեն: Անհիմն հայցով մտել են դատարան եւ պարտվել: Եթե փաստաբանն իր գործը չի կարողանում հաղթել, հասարակ քաղաքացուն ինչպե՞ս կարող է պաշտպանել»,- փաստաբանների վարմունքից զայրացած նշեց փաստաբանների պալատի նախագահը: