Այսօր լրացավ Լոռիի նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման 100 օրը, ինչի հետ կապված, նա Լոռիի մարզպետարանի նիստերի դահլիճում լրագրողների ու մարզպետարանի վարչությունների պետերի ներկայությամբ ամփոփեց իր կատարած աշխատանքները, ինչպես նաեւ առաջիկայում սպասվելիք նախագծերն ու դրանց իրականացման փուլերը: Մարզպետն անդրադարձավ գրեթե բոլոր ոլորտներին, սկսած գյուղատնտեսությունից, արդյունաբերությունից, առողջապահությունից ու քաղաքաշինությունից, մինչեւ մասնավոր քաղաքացիական խնդիրները: Գյուղատնտեսության ոլորտում կատարած աշխատանքների մասին խոսելիս, Արթուր Նալբանդյանը նախ նշեց, որ ոչ միայն մարզպետերի, այլեւ երկրի նախագահի ուշադրության կենտրոնում այսօր հենց այս ոլորտն է, ու արվում է գրեթե ամեն ինչ`այդ ոլորտում բարեփոխումներ կատարելու համար:

«Կոնկրետ մեր մարզում, գյուղատնտեսական նշանակության հողերի 30 տոկոսն է միայն լիարժեք օգտագործվում, որն իրոք անհանգստացնող ցուցանիշ է մարզի համար»,-ասաց նա: Արթուր Նալբանդյանի հաջորդ անդրադարձը վերաբերում էր առողջապահությանը, որի մասին խոսելիս նա հավաստեց, որ ամենակարեւոր քայլն իր կողմից այն կլինի, որ պատժվեն այն բուժաշխատողները, ովքեր հիվանդանոցային բուժման ծախսերից դուրս, հավելյալ գումարներ կվերցնեն հիվանդներից, քանի որ բուժաշխատողներն այսօր ֆինանսական առումով բավականին գնահատված են, ու ստանում են բավարար աշխատավարձ:

Հարկ է նշել, որ մինչ Լոռիի մարզպետ նշանակվելը, Արթուր Նալբանդյանը եղել է Ալավերդիի քաղաքապետ, ու լրագրողների այն հարցին, թե այժմ, երբ հնարավորություն ունի վերահսկելու համայնքապետերի կատարած աշխատանքները, ի՞նչ գնահատական կտար հենց իրեն` որպես համայնքապետ, մարզպետը փոքր-ինչ լռելուց հետո պատասխանեց, որ նախկին պաշտոնում ինքը բարեխղճորեն  արել է այն ամենը, ինչը պահանջում են համայնքապետի լիազորությունները, իսկ թե որքանով է դա իրեն հաջողվել, կմնա լրագրողների դատին: Հանդիպման ավարտին Արթուր Նալբանդյանը շեշտեց այն փաստը, որ այսուհետ, լրատվամիջոցների հետ մարզպետարանն ու ինքն աշխատելու են հնարավորինս թափանցիկ: