Թերթը գրում է, որ 2011-ին պետական բյուջեից հատկացվել է 60 մլն դրամ Սեւանում 166.7 հազար 5 գրամանոց գեղարքունի եւ 200 հազար 3 գրամանոց ամառային իշխանի մանրաձուկ բաց թողնելու համար: «Թերթի թղթակիցը, զրուցելով Գեղարքունիքի մարզի մի քանի ձկնորսների հետ, պարզել է, որ ձուկը խիստ պակասել է կամ ավելի ճիշտ` չկա: «Քամվել է ձուկը Սեւանից, քամվել»,- ասել են ձկնորսները եւ հավելել, որ թեեւ  ամեն նավակի համար կանոնավոր վճարումներ են անում` «ծով դուրս գալիու համար», այնուամենայնիվ, որս չկա:

 Մեկ այլ տեղեկության համաձայն`  Սեւանի ձկնորսները, իրոք, յուրաքանչյուր նավակի համար մուծում են 30-40 հազար դրամ, որ կարողանան մուտք ունենալ լիճ: Համաձայն մեր տեղեկությունների` ձկնորսներն, այդքան գումարը մուծելով, կարող են մեկ կամ մեկուկես ամիս ամեն օր լիճ դուրս գալ: Ավելին` երբ ազգային պարկի տեսուչներն առգրավում են ձկնորսական ցանցերը եւ համապատասխան պարագաները, դրանք հետո դարձյալ վաճառում են նույն ձկնորսներին:

Նախկինում, երբ վերահսկողություն ընդհանրապես չկար, ամեն օր Սեւան էր դուրս գալիս մոտ 400 նավակ, իսկ այսօր դրանց թիվը մոտ 100 է, այսինքն` պարզ մաթեմատիկական հաշվարկներով` ամեն ամիս «Սեւան ազգային պարկ»-ը մոտ 3 մլն դրամ գումար է «կպցնում» օդից:

Ըստ ասեկոսեների` գործարքն իրականացվում է «Սեւան ազգային պարկ»ՊՈԱԿ-ի պահպանության պետ Կարեն Մալխասյանի (մականունը` Եզո) գիտությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարությունում մեզ հայտնեցին, որ նման տեղեկություններ չունեն, եւ ներկա պահին արդյունագործական ձկնորսությունն արգելված է, թույլատրվում է միայն խեցգետնի որսը, թեեւ Սեւանում կրճատվել են նաեւ խեցգետնի ծավալները»,- գրում է «Երկիր»-ը: