Մշակույթը Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունների զարգացման շարժիչն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած Եգիպտական արվեստի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը:

«Հենց մշակույթն է իր հետեւից տանում մնացած ոլորտները: Հայաստանում Եգիպտոսի օրերի ընթացքում մի շարք մշակութային միջոցառումներ կանցկացվեն: Հուսով ենք, որ Հայաստանում Եգիպտոսի օրերը նույնքան հաջողություն կունենան, որքան Եգիպտոսում Հայաստանի օրերը», - ասել է դեսպանը:

Հիշեցնենք, նոյեմբերի 5-ին բանաստեղծությունների ժողովածուների եւ լուսանկարների ներկայացմամբ Հայաստանում մեկնարկել են Եգիպտական մշակույթի օրերը: Եգիպտոսի մշակույթի նախարարի խորհրդական, արտաքին հարաբերությունների գործակալության ղեկավար, բանաստեղծ Հուսամ Նասսարի «Մոլորված` փնտրում եմ երկիր» խորագրով բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում լուսանկարների, ինչպես նաեւ հայտնի ծաղրանկարիչ, հայկական ծագմամբ եգիպտացի Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների ցուցահանդեսն է բացվել:

Հիշեցնենք, նոյեմբերի 7-ին ժամը 19:00-ին, Ալ . Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Կահիրեի օպերայի եւ բալետի ընկերության «Անկախ ամեն ինչից» եւ «Եգիպտական գիշերներ» մեկ գործողությամբ բալետները: