ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն այցելել է Գյումրի, ուր նախ փակ ժողով է գումարել կուսակիցների հետ ՕԵԿ գրասենյակում, հետո հանդիպել գյումրեցիների հետ՝Գյումրու «Արագած» մշակութային համալիրում:Արթուր Բաղդասարյանը խոսել է տնտեսական խնդիրներից, արտագաղթից ու շեշտել, որ «ՕԵԿ-ը քաղաքական այն ուժն է, որ կոչված է երկրում Օրինաց կարգեր հաստատելու համար»:

Հարցին, թե արդյոք ՕԵԿ-ն սկսել է նախընտրական քարոզարշավը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, որ հիմա բոլոր քաղաքական ուժերն ել թեւակոխել են ակտիվ նախընտրական շրջան:«ՀՀԿ-ն էլ է թեակոխել, նրանք ակտիվորեն նախապատրաստվում են, դա ես բնական եմ համարում, որ ասում են սրան հանեցին, նրան դրեցին, դա նեղ կուսակցական խնդիր է, ՕԵԿ-ը դրանից չի նեղվում, մենք էլ նախարար ենք ետ կանչել, կուսակցության գաղտնի ժողով ենք գումարել»,-ասել է Հովհաննես Մարգարյանը՝մեկնաբանելով քաղաքական վերջին փոխատեղումների ու վերադասավորումների թեման: Նրա խոսքով՝ ՕԵԿ-ն էլ է պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին:«Ավելկացրել ենք մեր գրասենյակների ցանցը, միայն Գյումրիում 10-ից ավելի գրասենյակ ունենք, հանրապետությունով այդ թիվն անցնում է 100-ը»,-ասել է գյումրեցի պատգամավորը:

Առանձնապես Շիրակի մարզի հետ ՕԵԿ-ը գալիք ընտրություններին մեծ հույսեր է կապել.«Միայն Գյումրիից Արթուր Բաղդասարյանը 25 հազար ձայն է տարել 2008-ին, մենք կրել ենք Գյումրիում, հասկանու՞մ եք»,-ասել է Մարգարյանը: Հարցին, թե այն ժամանկ Արթուր Բաղդասարյանն համարվում էր ընդդիմության լիդեր, ինչ կլինի հիմա, պատգամավորը պատասխանել է.«Լինի իշխանություն, թե ընդդիմություն, մենք մեր քվեն Գյումրիում ունենք»: