Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Սպիտակում նախագահն այցելել է Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, ծանոթացել դպրոցի նորակառույց մասնաշենքի պայմաններին:
Հայաստանում «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ 2010թ. հուլիսից մեկնարկած «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում երկրորդ փուլում (ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 11 մլն. ԱՄՆ դոլար) իրականացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան եւ Վանաձոր քաղաքների հանրակրթական դպրոցների մասնաշենքերի հիմնանորոգում: 570 աշակերտի համար նախատեսված Սպիտակի թիվ 1 դպրոցի երեք ուսումնական մասնաշենքերում ամբողջությամբ իրականացվել են տանիքի ծածկույթի, ներքին հարդարման, դռների, պատուհանների, սանհանգույցների, ջեռուցման, ներքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ներքին ցանցերի աշխատանքները:
Նախագահի շրջայցի ավարտին Սպիտակ քաղաքի թիվ 1 դպրոցի դահլիճում տեղի է ունեցել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով Սպիտակի տարածաշրջանի անօթեւան մնացած 150 շահառու ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Ստեփանավանում Սերժ Սարգսյանն այցելել է Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց, շրջել դպրոցի նորակառույց մասնաշենքում: Հանրապետության ղեկավարը դիտել է նաեւ դպրոցում անցկացվող շախմատի մրցաշարը:
Նախագահին ներկայացվել է, որ 360 աշակերտի համար նախատեսված Ստեփանավանի թիվ 6 դպրոցի ուսումնական մասնաշենքում, որը ևս հիմնանորոգվել է «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում, ամբողջությամբ իրականացվել են ներքին հարդարման, ճակատի արտաքին հարդարման, հատակների, դռների, պատուհանների, սանհանգույցների, ջեռուցման, ներքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, կոյուղու ներքին ցանցերի և գույքի տեղադրման աշխատանքներ:
«Լինսի» հինադրամի ֆինանսավորմամբ «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում երկրորդ փուլով իրականացվել է նաեւ հանրակրթական երեք դպրոցների ուժեղացում-վերակառուցում Շիրակի մարզի Արևշատ, Սարակապ եւ Նոր Կյանք գյուղերում:




























