Ախուրյան, Արեւիկ, Այգաբաց, Կամո, Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջաջուռ եւ Ջրառատ համայնքները կընդգրկվեն Շիրակի մարզի միջհամայնքային միավորման մեջ, որը ֆինանսավորվելու է Քաունթմփարթ Ինթերնեյշնլ միջազգային կազմակերպության կողմից 3 տարի ժամկետով: «Միջհամայնքային միավորումն ունենալու է իր առանձին բյուջեն, որով փորձելու են լուծել համայնքների խնդիրները»,-ներկայացրել է կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը: Միավորումն իր գործունեությամբ կոչված է հարթահարելու այն հիմնախնդիրները, որոնք մի քանի համայնքներում նույնն են, եթե որոշակի ժամանակահատվածում, գյուղացին առաջընթաց չնկատի ուրեմն միավորումն իր առաքելությունը չի կատարել:
Նշված 9 համայնքներն ունեն ջրամատակարարման, գյուղական ճանապարհների վերանորոգման եւ այլ ընդհանուր խնդիրներ: Շիրակի մարզի հյուսիսարեւելյան հատվածի 9 համայնքների գյուղապետերի մոտ այս մտահաղացումը վերջերս է ծագել: Քանի որ գյուղերի բյուջեները հնարավորություն չեն տալիս համայնքներում առկա խնդիրները լուծել, պետությունն էլ այդ հարցում աջակցություն չի ցուցաբերում, որոշել են միավորում ստեղծել, գտել են նաեւ ֆինանսավորող միջազգային կազմակերպություն, ու այժմ խնդիրներն են դասակարգում:




























