Պաշտպանության նախարարության պաշտոնյաները, հիմնականում, որեւէ ցանկություն չունեն իրական բարեփոխումներ կատարելու բանակում: Այս մասին նշում է «Չենք լռելու» նախաձեռնությունը:
Նախաձեռնության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Մասնավորապես, շաբաթ օրվա առավոտյան «Չենք լռելու»-ն հավաստի տեղեկություն ստացավ այն մասին, որ իր թեժ գծին նոյեմբերի 2-ին ահազանգած զինվոր Հովհաննես Եսայանը ուրբաթ օրը բերվել է Երեւան:
Ըստ ստացված տեղեկության, զինվորի հանդեպ ճնշում է կիրառվել. նրան ստիպել են հրաժարվել օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներից: Այդ մասին շաբաթ օրվա ցերեկը հրապարակումներ եղան նաեւ մի շարք կայքերում:
Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը զինվորի խնդրանքով տեղադրվել էր YouTube-ում:
Զինվորի հանդեպ կիրառվող ճնշումների տեղեկությունն ստանալով` «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը միանգամից զանգահարեց ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանին` խնդրելով նրան կազմակերպել հանդիպում Հովհաննեսի հետ: Տեր-Սահակյանը հայտարարեց, որ զինվորը գտնվում է Իջեւանի ՌՈ բաժնում, այնինչ, իրականում, դեռ մեկ օր առաջ նա բերվել էր Երեւան եւ այդ պահին գտնվում էր ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանի աշխատասենյակում:
ՌՈ պետը խոստացավ, որ զինվորի հետ հանդիպում կկազմակերպի, այսպես ասած, «Երեւան ժամանելուն պես»: Ժամը 17-ին Արամ Տեր-Սահակյանը զինվորի հետ հանդիպման հարցը «ցրեց» իր վրայից` «Չենք լռելու»-ի ներկայացուցչին ուղարկելով ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի մոտ` տալով ինչ-որ հեռախոսահամար: Պարզվեց, որ այն պատկանում է ՊՆ քննչական ծառայության մամուլի բաժնին, որից մի շարքային զինվոր խորհուրդ տվեց զանգահարել երկուշաբթի:
Թե ինչի համար էր կազմակերպված այդ ֆարսը, որի արդյունքում «Չենք լռելու»-ին, փաստացի, չտրվեց զինվորի հետ հանդիպելու հնարավորություն, կարելի է միայն ենթադրություններ անել:
Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ պաշտպանության նախարարության պաշտոնյաները, հիմնականում, որեւէ ցանկություն չունեն իրական բարեփոխումներ կատարելու: Նրանց ամենօրյա զբաղմունքը ոչ այլ ինչ է, քան այդ բարեփոխումների իմիտացիա ստեղծելը:
Հովհաննես Եսայանի դեպքը դրա վառ ապացույցն: Եվ թող որեւէ մեկը չզարմանա, եթե ՊՆ-ն վաղը պաշտոնապես հայտարարի, որ զինվորը հրաժարվել է իր խոսքերից:
«Չենք լռելու»-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ զինված ուժերի վերնախավում այս խայտառակ մթնոլորտի «հրեշտակ պահապանը» Յուրի Խաչատուրովն է` իր կադրերով հանդերձ: Նախաձեռնությունը շարունակում է պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը:
Ցավն այն է, որ այս ամենի արդյունքում տուժում են ոչ թե միլիոնատեր գեներալները, այլ մեր զինվորները:
Ցավալի է նաեւ, որ օրեցօր ավելանում է այն մարդկանց ցուցակը, ում սթափեցնել ունակ է միայն YouTube-ը»:




























