Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները տարեսկզբից թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են 270 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՆԳՆ գլխավոր քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն։
«Այս տարվա սկզբից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ և գլխավոր դատախազության աշխատակիցները ինտենսիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրանյութային հանցագործությունների մեղադրանքով բերման են ենթարկել 270 անձի, որից 27-ը՝ թմրավաճառներ»,- ասել է Կուպատաձեն:
Ձերբակալվածների թվում կան Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրաքի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Ինչպես նշել է Կուպատաձեն, բերման են ենթարկվել այն քաղաքացիները, ովքեր թմրանյութեր են տեղափոխել ավանդական եղանակով՝ ձեռքից ձեռք, ինչպես նաև արգելված նյութերը պահոցներում թաքցնողներն ու սահմանով թմրանյութ տեղափոխող անձինք։
Իրավապահները տարբեր վայրերում հայտնաբերել են մեծ և հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցներ՝ հերոին, կոկաին, ալֆա-ՊՎՊ, սուբոտեքս, սոբուկին, մեթադոն, MDMA, ԼՍԴ, մեֆեդրոն, անֆետամիններ, էքստազի, հաշիշ և կանեփ։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։





























