2012 թ. պետական բյուջեի նախագծում հատկացումներ չկան մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր` նոյեմբերի 7-ին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Նշենք, որ այդ նպատակով միջոցներ չեն հատկացվել նաեւ 2011 թ., իսկ 2003-10 թվականներին մոտ 300 բնակարան է տրվել: Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր հատկացված բնակարաններն են օգտագործվում ըստ նպատակի: «Առնվազն 28 բնակարաններ չեն ծառայում իրենց նպատակին` ուղղակի չեն բնակվում, կամ տրվել են վարձով, կամ աղջիկը ամուսնացել է ու բնակվում է այլ հասցեով, կամ Հայաստանից բացակայում են ու հատկացման օրից այդ բնակարանները փակ են»,- հայտարարեց Ա. Գրիգորյանը: 

Նախարարի տեղեկացմամբ` այդ 28 վիճահարույց բնակարանների հարցը կրկին ուսումնասիրվում է Հայ օգնության միության հետ համատեղ, ու դրանցից առնվազն 15-ը պետության կողմից ետ կվերցվի ու կտրվի այլ կարիքավորների: Ըստ Ա. Գրիգորյանի` թվով 300 մանկատան շրջանավարտ հերթագրված է բնակարան ստանալու համար: