Հայաստանի արդարադատության նախարարությունը սկսում է 2011 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
ԱՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն եւ`
1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝
2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան եւ անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2011 թվականի նոյեմբերի 17-ը մինչեւ ժամը 17:00-ն:
Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2011 թվականի նոյեմբերի 28-ին:




























