Փարիզում, նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել Հայ ոսկեգործների միության տարեկան հավաքը, որին մասնակցել են Միության նախագահ Գագիկ Գեւորգյանը, Եվրոպայի մասնաճյուղի նախագահ Հովել Շնորհոկյանը, աշխարհի տարբեր երկրները ներկայացնող հայ ոսկեգործներ եւ ադամանդագործներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: Հավաքի հիմնական նպատակն էր ներկայացնել Հայ ոսկեգործների միության մինչ այժմ իրականացրած գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքին ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Իր ելույթում դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահը եւ կառավարությունը մեծ կարեւորություն են տալիս մեր երկրում ոսկերչության զարգացմանը եւ գործնական քայլեր են ձեռնարկել այդ ոլորտի դիմանիկ զարգացումն ապահովելու համար: Դեսպանը բարձր է գնահատել Հայ ոսկեգործների միության ներգրավումն ու աջակցությունը նշված գործընթացին:
Հայ ոսկեգործների միությունը /Association des joailliers arméniens/ ստեղծվել է 1995թ.: Նպատակն է համախմբել աշխարհի տարբեր երկրներում գործող հայ ոսկեգործներին եւ ադամանդագործներին` նպաստելու համար Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության ոլորտների զարգացմանը եւ փոխադարձ կապերի ստեղծմանը: Ներկայում Միության անդամ են Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի ավելի քան 30 հայ ոսկեգործներ:



























