Հայաստանի իշխանությունը նպատակ ունի անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ասաբլեայում:

Այս հարցում վարչապետը կարեւորել է նոր ընտրական օրենսգիրքն ու հանրային ծառայությունների մասին օրենքը, որը թափանցիկ է դարձնելու պետական պաշտոնյաների գործունեությունը: Կառավարության ղեկավարը ԵԺԿ քաղաքական ասամբլեայի ընթացքում խոսել է Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության, ինչպես նաեւ ՀՀԿ-ի` ԵԺԿ-ին անդամակցության հեռանկարների մասին:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բրյուսելում երկօրյա աշխատանքային այցով: Այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետը աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ, մասնակցել է ԵԺԿ քաղաքական ասամբլեային եւ իր կեցավայրում ընդունել է Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի անդամներին: