Թուրքիայում տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ  թերահավատորեն են  վերաբերվում նոր Սահմանադրության ստեղծման ընթացիկ ջանքերին: Այս մասին գրում է  թուրքական  «Hurriyet Daily News and Economic Review»-ն:

«Հաշվի առնելով Թուրքիայում ներկայումս տիրող քաղաքական պայմանները,  չեմ հավատում, որ նոր Սահմանադրությունը  հավասարություն կարող է ապահովել հասարակության բոլոր շերտերի համար»,-ասել է  ծագումով հայ Արեւ Ջեբեջին, ով ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն էր վերջին ընտրություններում:

Եթե ստեղծվի նոր Սահմանադրություն, ապա առաջին անգամ նման փաստաթուղթ կմշակվի ժողովրդավարական միջավայրում` 1924թ. հիմնադիր սահմանադրության ստեղծումից ի վեր: Նախորդ սահմանադրությունները ստեղծվել էին 1961 եւ 1980թթ. ռազմական հեղաշրջումների ժամանակ:

Թուրքաբնակ հրեուհի Մարի Լոկեր-Գորմեզանոյի կարծիքով` ընթացիկ քաղաքական պայմանները նպաստավոր չեն նոր Սահմանադրության վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու համար, այն դեպքում, երբ Թուրքիան պետք է  առաջին հերթին կենտրոնանա Քրդական բանվորական կուսակցությանը օրենքից դուրս հայտարարելու  խնդրի վրա:

Միաժամանակ` Ջեբեջին ավելացրել է, որ իրենք երբեք չեն հրաժարվի Լոզանի համաձայնագրով ազգային փոքրամասնություններին տրված արտոնություններից,  եթե նոր Սահմանադրությունը ոչ մահմադական փոքրամասնությունների կրագվիճակի առումով խնդիրներ առաջացնի:

1923թ. Լոզանի համաձայնագիրը  Թուրքիայում պաշտոնապես ճանաչված ոչ մահմեդական փոքրամասնություններին  որոշակի իրավունքներ էր տրամադրել,  այդ թվում`  սոցիալական, կրոնական եւ բարեգործական հաստատությունների  ազատ ստեղծման եւ կառավարման իրավունք` մայրենի լեզվի օգտագործման եւ կրոնական ծեսերի  անցկացման համար: