Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` նոյեմբերի 9-ին,  Գարեգին Բ-ն ընդունել է Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեին եւ կարեւորել երկու երկրների միջեւ սերտ հարաբերությունների ձեւավորումը, կրթության եւ մշակույթի ոլորտներում ակտիվ գործակցության զարգացումը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն գնահատանքով անդրադարձել է 1988թ-ի երկրաշարժի ՀՀ անկախության քսան տարիների ընթացքում Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերած կարեւոր աջակցությանը: Նա ներկայացրել է նաեւ Հայ Եկեղեցու գործունեությունը:

Ուրախություն հայտնելով, որ նախարարի այցը տեղի է ունենում նորվեգացի մեծագույն հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի հայաստանյան տոնակատարությունների օրերին` Գարեգին Բ-ն նշել է, որ Ֆ. Նանսենն իր իրականացրած կարեւոր մարդասիրական առաքելությամբ առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում:

Պրն. Յոնաս Շտյորեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է Հայոց Եկեղեցու դերակատարությանը Հայաստանում եւ աշխարհում քրիստոնեական արժեքների պահպանման եւ տարածման գործում:

Հանդիպման ընթացքում նաեւ խոսվել է Նորվեգիայի փոքրաթիվ հայ համայնքի, Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների ու միջկրոնական երկխոսության մեջ ներգրավվածության մասին: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգեւոր առաջնորդների գործադրած ջանքերին: