Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, պետք է այդ դեպքերում խնդրել, հորդորել կամ պահանջել, որ նման բան ասողները ասեն, թե Տավուշի մարզի որ գյուղերի մասին է խոսքը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք խոսեցիք ադրբեջանական անունով գյուղերի մասին: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ես ինքս որեւէ ադրբեջանական գյուղի անուն չեմ տվել մինչեւ այն պահը, երբ ուրիշն է տվել: Կիրանցի վարչական ղեկավարը նշեց Խրեմլի գյուղ, ես էլ դրան արձագանքեցի՝ հարցննելվ, որ Տավուշի մարզում նման անումով գյուղ կա՞: Հիմա օգտվելով առիթից, ուզում եմ ասել, թե մենք ինչի պատրաստակամություն ունենք: Մենք ասում ենք հետեւյալը, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է դելիմիտացիան սկսել հետեւյալ հատվածում: Հայաստանի կողմից այդ տարածքը, որից պետք է սկսենք, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի: Այ էս գյուղերի դիմաց գտնվող սահմանների դելիմիտացիային ամբողջական մենք պատրաստ ենք: Հայաստանի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից Բաղանիս-Այրում: Սրանք նույն գյուղերը չեն: Դեռ ԽՍՀՄ ժամանակներից Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում դիմացը՝ Բաղանիս գյուղ:

Հաջորդը, Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ, եւ Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղի-Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է: Շարունակությունը՝ Հայաստանի կողմից Կիրանց գյուղ, եւ դրա դիմաց գտնվող գյուղ, որի դիմաց ադրբեջանականա Խերեմլի գյուղն է: Սրանք նույն գյուղերը չեն:

Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ, եւ դրա դիմաց գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կիզիլ-Հաջիլի գյուղի հետ: Ընդ որում, Կիզիլ-Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, 20 տարի առաջ էլ:

Բոլոր իմ նշած գյուղերը ոչ անկլավային գյուղեր են»,-ասաց Փաշինյանը:

Նա նորից հանեց Հայաստանի քարտեզը եւ ցույց տալով ասաց՝ Բաղանիս գյուղն այս քարտեզի մեջ է, Բաղանիս-Այրումը դուրս է այս քարտեզից  եւ միշտ դուրս է եղել: Նա այսպես թվարկեց գյուղերի անունները, նշելով, որ Հայաստանի գյուղերը այս քարտեզի մեջ են, իսկ օրինակ, Խերեմլին, Աշաղի-Ասկիպարան, Կիզիլ-Հաջիլին Հայաստանի քարտեզից դուրս են:

«Ոսկեպարի մեր բնակիչները սա չեն վիճարկում»,- հավելեց նա: