Նարեկ Սամսոնյանին նման կոշտ ձեւով ձերբակալելն ու առհասարակ ձերբակալելը ազատ խոսքի դեմ ուղղված բռնի գործողություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» պոդքաստը վարող մյուս հաղորդավարը Վազգեն Սաղաթելյանը։

«Տեսանյութը նայող ցանկացած ողջամիտ մարդու մոտ այն կարծիքն է, որ Նարեկ Սամսոնյանին նման կերպով բերման ենթարկելը որպես պատժամիջոց է։ Ես հավանական եմ համարում նաեւ ինձ ձերբակալելը, ես դեռ տնից դուրս չեմ եկել, չնայած պատրաստվում եմ, իսկ Սամսոնյանը դուրս էր եկել արդեն։ Եթե մեր հաղորդումն է կոշտ բերման ենթարկելու հիմքը, ապա ենթադրում եմ, որ ես էլ պետք է բերման ենթարկվեմ»,- նշեց Վազգեն Սաղաթելյանը։

Սաղաթելյանը պատմեց, որ ոչ ինքը, ոչ էլ Սամսոնյանը նախապես ծանուցում չեն ստացել, անհասկանալի էր իրավապահների նման գործողությունը․ «Ենթադրում եմ, որ իրենք աշխատում են հետեւյալ սկզբունքով՝ ով տնից շուտ դուրս գա, նրան բերման կենթարկեն»։

Վազգեն Սաղաթելյանը շեշտեց, որ իրենց հաղորդման մեջ որեւէ խուլիգանություն չի կատարվել․ «Մենք պարզապես մտնում ենք եթեր եւ ասում այն, ինչը կա իրականում։ Այո, երբեմն տալիս ենք կոշտ որակումներ Նիկոլին ու իր փոքրիկ բարեկամներին»։

Նրա խոսքով՝ իրենց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով փորձ է արվում շեղել հասարակությանը երկրում ստեղծված ծանր իրավիճակից․ «Փորձում են այսպիսի բաներով շեղել լուրջ խնդիրներից։ Հնարավոր է նաեւ, որ նպատակը այս ընդդիմադիր մեծ հարթակը լռեցնելն է»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապահները բռնի ուժով ձերբակալել եւ Քննչական կոմիտե են տարել Նարեկ Սամսոնյանին։ Դեպքից ավելի ուշ ՔԿ խոսնակը հաղորդել էր, որ Սամսոնյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։