Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Աղաբեկյանը (ՀՅԴ խմբակցություն) օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որով առաջարկում է էապես ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնք իրավունք ունեն կրելու ակոսավոր որսորդական հրազեն:
«Զենքի մասին» գործող օրենքով` ակոսավոր որսորդական հրացան կրելու իրավունք ունեն հիմնականում որսորդության հետ կապված անձինք կամ հատուկ ռազմականացված կազմակերպությունների անդամները:
Ա. Աղաբեկյանն առաջարկում է նման թույլտվություն տալ նաեւ բանակում ծառայած տղաներին կամ պաշտպանության, ոստիկանության եւ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունից սահմանված կարգով արձակված անձանց:
Այդ առաջարկությունն ընդունելու դեպքում փաստորեն հանրապետության արական բնակչության մեծ մասը կարող է ակոսավոր որսորդական հրացան ձեռք բերել: Պատգամավորն իր առաջարկությունը հիմնավորել է նրանով, որ մարտական ծառայություն անցանց երիտասարդները կամ զորացրված զինվորականները միեւնույն է` լավ տիրապետում են զենքին, ու այդ թույլտվությունը կարելի է նաեւ խրախուսանք համարել:
Կառավարությունը, ՀՀ նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացմամբ, միայն մասամբ համաձայնեց պատգամավորի առաջարկներին: Մասնավորապես` ոստիկանությունը կտրականապես դեմ է բանակում ծառայածներին ակոսավոր հրացան ունենալու թույլտվություն տալ: Ինչ վերաբերում է այն անձանց, որոնք աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում զենք կրելու թույլտվություն են ունեցել, ապա այստեղ առաջարկվում է մի վերապահում. պետք է ստուգել այդ աշխատակիցների արձակման հիմքերը:




























