Երևանում 64-ամյա հարևանուհու և նրա 33-ամյա դստեր դանակահարության մեջ կասկածվող 41-ամյա Սարգիս Մ-ն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, ծնողները ամիսներ առաջ՝ որդու ագրեսիվ պահվածքից վախեցած, լքել էին նրան: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, NEWS.am-ի թղթակցին պատմեցին Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի բնակիչները, որոնք բարկացած էին, թե ինչո՞ւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողին հոգեբուժարանում չեն պահում, այլ ամեն կանչից հետո կրկին տուն են վարադարձնում:
«Լարվածություն կամ անձնական խնդիրներ հարևանների միջև չկային, ուղղակի առողջական խնդիրներ ուներ և ագրեսիվ էր այդ տղան: 4 անգամ տարան հոգեբուժարան, չգիտեմ՝ ինչո՞ւ չպահեցին, նորից բերեցին տուն: Տուժածների փոխարեն մեզանից ցանկացածը կարող էր լինել»,-մտահոգված պատմեց բնակիչներից մեկը:
Հարևաններից մեկն էլ պատմեց, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում բարձր ճիչ է լսել, սակայն չի մտածել, որ նման բան կարող էր պատահել: Թաղամասի բնակիչների խոսքով՝ Սարգիսը միշտ էլ տարօրինակ վարքագիծ է ունեցել, այդ պատճառով էլ հարևանները մշտապես խուսափել են նրա հետ շփվելուց:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 24-ին՝ Ժամը 10:30-ի սահմաններում , ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և նրա դուստրը՝ 33-ամյա Աննա Մ.-ն։ Նրանք տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Լիլյա Ղ.-ն՝ գիտակցության չգալով մահացել էր: Աննա Մ.-ի վիճակը գնահատվել է ծանր:
Ավելի ուշ «սպանություն», «սպանության փորձ» կատարելու մեջ կասկածյալը՝ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն Ջրվեժ թաղամասի ռեստորաններից մեկից վնասազերծվել և ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




























