Նյարդակենսաբանները պարզել են, որ կյանքի իրադարձությունները, որոնց մասին դուք խորհում եք դրանց տեղի ունենալուց անմիջապես հետո, ավելի հավանական է, որ ձեր ուղեղում դրոշմվեն որպես երկարաժամկետ հիշողություն, գրում է Daily Mail-ը։

Հետազոտողները հայտնաբերել են նեյրոնների, ուղեղի բջիջների հաջորդական կառուցվածք, որոնք համակարգված էլեկտրական ազդանշանների փոքր սիմֆոնիա են արձակում իրադարձություններից անմիջապես հետո, որոնք ավելի ուշ՝ գիշերային հանգստի ժամանակ, գրանցվել են երկարաժամկետ հիշողության մեջ:

Թեև ուղեղում էլեկտրական ակտիվության այս բռնկումները, որոնք կոչվում են «կտրուկ ալիքներ», տեղի են ունենում անգիտակցաբար, սակայն հետազոտողներն ասում են, որ մարդը կարող է մեծացնել երկարաժամկետ հիշողություն ձևավորելու հավանականությունը՝ մտածելով իրադարձության մասին դրա տեղի ունեցած օրը:

Բժիշկ Դյերդ Բուզակին՝  Լանգոնում Նյու Յորքի առողջապահական համալսարանի նյարդաբանության պրոֆեսորը և հետազոտության ավագ հեղինակը, համալսարանի չորս այլ հետազոտողների և Միլա-Քվեբեկի արհեստական ​​բանականության ինստիտուտի տվյալների վերլուծաբանի հետ միասին իրենց նոր ուսումնասիրության մեջ կենտրոնացել են հիպոկամպի վրա:

Գտնվելով ուղեղի կենտրոնի խորքում՝ հիպոկամպը կարևոր դեր է խաղում տեղեկությունը կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետ հիշողություն փոխանցելու գործում:

Հետազոտության ընթացքում  նյարդակենսաբաններն օգտագործել են երկկողմանի սիլիցիումային զննաձողեր՝ լաբորատոր մկների հիպոկամպի շրջանում մինչև 500 նեյրոնի միաժամանակյա գրանցման համար, երբ փոքրիկ արարածները փորձել են կողմնորոշվել  լաբիրինթոսում՝ քաղցրավենիք փնտրելու համար:

Հետազոտողների խումբը նշել է, որ երբ մկնիկը լաբիրինթոսը հաջողությամբ հաղթահարելուց հետո կանգ է առել քաղցրեղենը վայելելու համար,  բնորոշ «կտրուկ տատանումներ» են գրանցվել, յուրաքանչյուր դեպքում՝ հինգից քսան անգամ:

Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր «կտրուկ ալիքի բաբախում» կազնված է հիպոկամպի նեյրոնների 15 տոկոսի գրեթե միաժամանակյա ալիքաձև գրգռումից, որոնք զգուշացնում են ուղեղի մնացած հատվածին հիշարժան իրադարձության մասին։