Հայաստանին սպասվում է ավելի խորը եւ ծանր մարտահրավերներ եւ եթե քաղաքական էլիտայի որակը բարձր լինի, շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել դրանք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ մարտահրավերներից որպես օրինակ նշելով մի քանիսը՝ պարենային ճգնաժամ, բնական աղետների հետեւանքով ճգնաժամ եւ այլն:
«Երկիրը կանգնած է ապստամբության շեմին, դժգոհությունը հսկայական է, ընչազուրկ մարդկանց թիվը մեծ է եւ շարունակում է մեծանալ»,- նշեց նա` կարեւորելով, որ ապստամբությունը խթանող կետերը լինեն հայաստանյան, ոչ թե դրսից: Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին` նա նշեց, որր երկու կողմից էլ չկա համակերպում, կա հաշվի նստել, ինչը լավ է եւ վիճակը դինամիկ է պահում:
Ինչ վերաբերում է վերջին շրջանի պաշտոնանկություններին եւ նշանակումներին, ապա նա դա կապում է աշխարհաքաղաքական բախումների հետ: Նրա խոսքով` հնարավոր են շատ կարծր զարգացումներ, եւ այդ նշանակումների տրամաբանության մեջ կա այդ ամենին դիմակայելու սկզբունքը: «Իրականում այդ փոփոխություններն ավելի շատ խորամանկություններ են պարունակում, քան կարող ենք պատկերացնել: Հաստավիզ օլիգարխներին փոխարինելու են գալու, այսպես կոչված, հարվարդյան երիտասարդները, որոնք ավելի վտանգավոր կլինեն, քան օլիգարխները»,- նշեց նա:




























