Հետաքննող լրագրողների միջազգային խումբը հայտնել է, որ կարողացել է կապ գտնել Ռուսաստանի հետախուզության գլխավոր վարչության գործակալների տեղաշարժերի և այսպես կոչված «Հավանայի համախտանիշի» դեպքերի միջև, երբ ամերիկյան անվտանգության կառույցների և դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները բողոքել են տարօրինակ ախտանիշներով տկարությունից։ Դրա մասին հատնել է BBC-ն։
Ռուսաստանում անցանկալի կազմակերպություն և «օտարերկրյա գործակալ» հայտարարված Insider հրատարակությունը, ինչպես նաև ամերիկյան CBS հեռուստաընկերությունը և Spiegel ամսագիրը երկուշաբթի երեկոյան հրապարակել են իրենց հետաքննության արդյունքները։
Հետաքննության հեղինակները պնդում են, որ կարողացել են ապացույցներ ձեռք բերել Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) 29155 զորամասի աշխատակիցների ուղևորությունների և «Հավանայի համախտանիշի» դեպքերի ամսաթվերի համընկնման վերաբերյալ։
Նման գործողությունների կարող էին մասնակցություն ունենալ նաև ԳՀՎ-ի սպաներ Ալեքսանդր Միշկինը և Դենիս Սերգեևը: Բրիտանական իշխանությունները վերջիններիս կասկածում են Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի «նովիչոկով» թունավորելու մեջ։
«Հավանայի համախտանիշի» երկու զոհերը լուսանկարներում ճանաչել են մարդկանց, որոնց լրագրողներն անվանել են ԳՀՎ-ի աշխատակիցներ (խոսքը Միշկինի և Սերգեևի մասին չէ)։
Ըստ լրագրողների տեղեկությունների՝ ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցները եղել են հենց այդ վայրերում և այն ժամանակ, երբ տուժած ամերիկացիները սկսել են տարօրինակ ախտանիշներ զգալ. ձայներ գլխում, գլխապտույտ, կողմնորոշման կորուստ և այլն։
Տարբեր երկրներում աշխատող ամերիկացի դիվանագետներն ու հետախուզության աշխատակիցները 2016 թվականից ի վեր սկսել են գանգատվել տարօրինակ ախտանիշներով հիվանդությունից։
Դիվանագետներն ու հետախուզական կառույցները կասկածում էին, որ դա ինչ-որ կերպ առնչվում է Ռուսաստանի, Չինաստանի կամ այլ երկրների թշնամական գործողություններին։
Սակայն 2023 թվականի մարտին ԱՄՆ հետախուզական ծառայությունները քիչ հավանական համարեցին, որ ամերիկացի դիվանագետների առեղծվածային հիվանդությունները կապված են թշնամական ուժերի գործողությունների հետ:
Հետաքննության հեղինակները հուսով են, որ ԱՄՆ իշխանություններն արդեն նոր տեղեկություններ կունենան, որոնք հնարավորություն կընձեռեն փոխելու վերոնշյալ փաստարկները։





























