Ավելի քան 3500 մատղաշ օձաձուկ սատկած են գտել Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու ամենահյուսիսային լանջի Կաուրիտուտահի կղզու առափին:

Սա օձաձկների երկրորդ զանգվածային ոչնչացումն է այս տարվա ընթացքում. մեկ ամիս առաջ հազարավոր օձաձաձկների արդեն սատկած էին գտել երկրի հակառակ ծայրի մեկ այլ առափում: Դրա մասին գրում է Science Alert-ը։

Ըստ Focus-ի՝ հետազոտողները պնդում են, որ օձաձկների զանգվածային ոչնչացման առաջին դեպքը կապված է թունավոր աղտոտման հետ։

Այնուամենայնիվ, գիտնականները դեռ չգիտեն, թե ինչն է մատղաշ առանձնյակների երկրորդ զանգվածային ոչնչացման պատճառը:

Իշխանություններն, այդուհանդերձ, ենթադրում են, որ դրա պատճառ կարող են լինել բնապահպանական փոփոխությունները:

Տեղական առուների պաշտպանության խմբի անդամ Հոնա Էդվարդսն ասում է, որ փորձագետները վերջին տարիներին գետի ջրի որակի վատթարացում են նկատել:

Օձաձկների հերթական զանգվածային ոչնչացումից հետո գիտնականները վերլուծել են հոսանքին հակառակ և համընթաց ուղիները և պարզել, որ պարամետրերից մեկը նորմալ դիապազոնում չէ, նաև՝ ջրում լուծված թթվածնի մակարդակի առումով:

Հետազոտության հեղինակները նշում են, որ գետում հայտնաբերել են ջրիմուռների կուտակում, որը սովորաբար առաջանում է ջրի տաքացումից:

Գիտնականները հայտնաբերել են նաև ջրահոսքի տոկոսային տատանումներ. ջրահոսքը կամ շատ սահմանափակ է եղել, կամ առհասարակ ջրահոսք չի եղել: Ավաղ ջրահոսքի իսպառ բացակայությունը նշանակում է, որ լուծված թթվածնի քանակը նվազում է, և ջրատարում թունանյութեր են կուտակվում:

Մասնագետներն ընդգծում են, որ օձաձկների զանգվածային մահվան պատճառը դեռ պարզված չէ, իսկ թունանյութերն ու հիվանդությունները դեռ պետք է բացառվեն հնարավոր պատճառների ցանկից։ Գիտնականներն այնուհանդերձ խոստովանում են, որ օձաձկների զանգվածային մահը, ըստ էության, հերթականն է ամբողջ մոլորակում ձկների զանգվածային ոչնչացման շղթայում: Օրինակ, անցյալ տարի Ճապոնիայի ափերի մոտ հայտնաբերվել է մոտ 1200 մետրական տոննա սարդին և սկումբրիա:

Գիտնականների ավելի վաղ հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ ձկների զանգվածային ոչնչացումները ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բնական ճանապարհով, սակայն վերջին տասնամյակներում դրանց հաճախականությունը զգալիորեն աճել է:

Նոր հետազոտության հեղինակները ենթադրում են, որ բնաջնջման այս զանգվածային դեպքերից յուրաքանչյուրը թերևս արժե դիտարկել ոչ միայն որպես առանձին իրադարձություն, այլև որպես ընդհանուր երևույթ: Ուսումնասիրություններն արդեն իսկ վկայում են, որ բոլոր դեպքերն էլ ունեն նմանատիպ օրինաչափություններ և մատնանշում են, որ մեղավորը մարդու գործունեությունն է:

Գյուղատնտեսական նկատառումներով և երաշտի պատճառով ջրի ծավալների կամ հոսքերի նվազումը՝ աղտոտող նյութերի ավելացված սննդարար մնացորդների, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի հետ համակցված, նպաստում են ջրիմուռների ավելցուկային բարգավաճմանը, ինչը ջուրը զրկում է թթվածնից՝ խեղդելով այլ կենդանի օրգանիզմներ:

Վելինգթոնի Վիկտորիա համալսարանի կլիմայագետ Ջեյմս Ռենվիքն ընդգծել է, որ միանգամից մի քանի տեսակների զանգվածային ոչնչացումը կանխելու համար պետք է ավելի նախանձախնդիր լինենք ջրային ռեսուրսների օգտագործման հարցում և ձեռնպահ մնանք մոլորակն աղտոտելուց: