Երեւանում, նոյեմբերի 12-13-ին, տեղի է ունենալու «Երկրորդ միջազգային թալիշագիտական գիտաժողովը», որին մասնակցելու են մոտ 40 գիտնականներ Հայաստանից, ՌԴ-ից, Իրանից, Վրաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից եւ Կանադայից: Միջոցառման կազմակերպումն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի ՀԿՏԿ անմիջական մասնակցությամբ եւ վերահսկողությամբ: Գիտաժողովի բացման արարողությունը մեկնարկելու է նոյեմբերի 12-ին ժ. 10:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Ball» դահլիճում:
Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանում իրենց թվաքանակով ամենամեծ ազգային փոքրամասնությունը հանդիսացող թալիշների պատմության, մշակույթի, լեզվի, արդի քաղաքական իրավիճակի, իրավունքների պաշտպանության եւ այլ հրատապ հարցեր:
Այս տեսանկյունից՝ Երեւանում նման միջոցառման կազմակերպումն ու անցկացումն ունի ոչ միայն գիտական, այլ նաեւ զգալի քարոզչական հնչեղություն: Գիտաժողովի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունն արդեն իսկ ադրբեջանական լրատվամիջոցներում առաջ է բերել մի շարք հիվանդագին արձագանքներ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խիստ կարեւորվում է գիտաժողովի անցկացման օրերին լրատվամիջոցներով վերջինիս աշխատանքների հնարավորին համակողմանի լուսաբանման անհրաժեշտությունը՝ տեղեկատվական ռեպորտաժների, վերլուծական նյութերի, մասնակիցների հետ հարցազրույցների եւ հնարավոր բոլոր այլ ձեւաչափերով:




























