Վեց մարդ տուժել է Թաթարստանի Ելաբուգայի ձեռնարկությունում անօդաչուի գրոհի հետեւանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են օպերատիվ ծառայություններում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մեկ մեծահասակ եւ երկու անչափահաս բեկորային վիրավորումներ են ստացել։

«Գրոհի հետեւանքով բեկորային վիրավորումներ է ստացել երեք մարդ, այդ թվում երկու դեռահաս»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Վնասվել են երեք շենքեր. կոտրվել են դրանց ապակիները։

Անօդաչուները գրոհել են  Ելաբուգայի եւ Նիժնեկամսկի ձեռնարկությունները, տուժել են մի քանի մարդիկ, լուրջ ավերածություններ չկան, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Տեխնոլոգիական գործընթացը չի խափանվել, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մարտին դրոնների գրոհները հաճախակիացել են ռուսական ՆՎԳ-ների, ինչպես նաեւ արդյունաբերական այլ օբյեկտների վրա։

Անցած տարվա օգոստոսին Washington Post պարբերականը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը ցանկանում է Ելաբուգայի գործարանում իրանական մոդելի դրոնների արտադրություն սկսել։

2023թ. փետրվարին Wall Street Journal թերթը, հղում կատարելով անանուն պաշտոնական անձանց ԱՄՆ դաշնակից երկրներից, տեղեկացրել էր, որ Մոսկվան եւ Թեհրանը պլաններ են մշակում Ռուսաստանում նոր գործարան կառուցելու մասին, որը կարող էր իրանական մոդելի մոտ 6 հազար անօդաչուներ արտադրել Ուկրաինայում պատերազմի համար։

Թելեգրամ-ալիքներում հրապարակված տեսանյութերից երեւում է, որ ինքնաթիռատիպ անօդաչուն խոցում է արդյունաբերական կառույցը, ինչից հետո հզոր պայթյուն է լսվում։