Նախընտրական շրջանի հետ կապված Վահրամ Սահակյանի բոլոր մտայնությունները հրապարակավ ասելու բաներ չեն։  Այս մասին  թատերագիրն ու հրապարակախոսն ասել է այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով վերջին շրջանի պաշտոնանկություններին՝ նա նշեց, որ դրանք ձեւական են, ոչինչ չեն փոխում, հին խաղեր են, որոնք ոչ մեկին չեն զարմացնում։  «Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Ոչ հետաքրքիր է, ոչ տխուր, սովորական է»,- նշեց  թատերագիրը՝ հավելելով, որ ոչ մի պատգամավոր այս անգամ ջրից հեշտ դուրս չի գա։ 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ գրող, դրամատուրգ, Կարինե Խոդիկյանը նշեց, որ նախընտրական շրջան ասածը հարաբերական է, քանի որ բացի ՀՀԿ-ից, ոչ մի այլ կուսակցություն նախընտրական շտաբ չի կազմել գոնե խոսքի մակարդակով։ 

«Նախընտրական ասելը շուտ է։ Ես առայժմ ապրում եմ իմ սովորական կյանքով եւ նախընտրական կրքերը, բարեբախտաբար, ինձ շրջանցել են»,- նշեց դրամատուրգը։ Անդրադառնալով պաշտոնանկություններին՝ Կարինե Խոդիկյանը նշեց, որ դրանք ստանում են համարժեք գնահատական, եթե պարզ է լինում, թե ինչու համար է դա արվում։ Նրա խոսքով՝ հասարակությանը մնում է սպասել քաղաքակիրթ 100 օրվան եւ գնահատական տալ։