Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 13-ին, Սեւանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որում անդրադարձել են այլ երկրների փորձի հիման վրա Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված հարցերի:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության ռազմավարության մանրամասները, որը մշակվել է Համաշախարհային բանկի հետ: Այն, Տիգրան Սարգսյանի խոսքով, իրենից ներկայացնում է արդյունաբերական քաղաքականություն՝ ուղղված արտահանման ծավալների ավելացմանը: Մասնավորապես, ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր: «Փորձել ենք բացահայտել մեր երկրի արդյունաբերական ներուժը՝ ըստ ճյուղերի, գնահատել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ եւ ենթակառուցվածքային ռեսուրսներ ունենք»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ առաջին երեք ճյուղերի՝ կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են, որոնք քննարկվել են հանրապետության նախագահի գլխավորությամբ՝ մասնավոր հատվածի հետ միասին: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մասնավորապես, ծրագրվում է մինչ 2020 թվականը կոնյակի արտահանման ծավալները եռապատկել, իսկ դեղերի արտահանմանը՝ քառապատկել: «Մեր նպատակն է՝ պետություն-մասնավոր համագործակցության ներքո ավելացնել մեր երկրի արդյունաբերական հզորությունները եւ արտահանումը: Ռազմավարության մեջ հստակ ֆիքսվել է, թե որ մարմինն ինչ աշխատանք պետք է իրականացնի: Սա լուրջ քայլ է, քանի որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ունենալու է արդյունաբերական ռազմավարություն՝ ճյուղային գերակայություններով»,- նշել է կառավարության ղեկավարը:





























