Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 14-ին, հետաձգվել է մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատական նիստը, քանի որ մեղադրյալը ինքնազգացողությունը վատացել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ նա աղիների հետ կապված խնդիրներ ունի, նախկինում վիրահատություն է տարել. «Անանցանելիության հետ կապված մի քիչ պրոբլեմներ ունի, սրացում է եղել»,- ասաց փաստաբանը: Նա չգիտեր, թե որտեղ են տեղափոխել Սերոբ Տեր-Պողոսյանին` հավելելով, որ պետք է տեղափոխեին մեկուսարան, քանի որ միանգամից հիվանդանոց չէին կարող տեղափոխել: «Ինքը մեկուսարանում էլ էր վատ, թե ինչի բերեցին, չեմ հասկանում»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը: Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 17-ին:

Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):Հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրող կողմն առաջարկել է Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: