ՀՅԴ բյուրոն կոչ է արել հայության բոլոր մասնիկներին` լիաբուռն կերպով մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությանը, որն արդեն սկսվել է:
ՀՅԴ բյուրոյի տարածած կոչում, մասնավորապես, ասվում է.
«Արդեն սկսվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքը` Հայաստանում եւ Սփյուռքում: Այն պետք է եզրափակվի նոյեմբեր 24-ին Միացյալ Նահանգների տարածքում կազմակերպվող հեռուստամարաթոնով:
Այս տարվա հասույթը, նախորդի նման, պետք է հատկացվի Հայաստանի սահմանամերձ գյուղերի եւ ԼՂՀ զարգացման ծրագրերին:
«Հայաստան» հիմնադրամի նման համահայկական կառույցները, անկախ իրենց հետապնդած անմիջական ու մասնագիտական նպատակից, ունեն խորհրդանշական խոր նշանակություն: Նրանց գոյությունն ու կենսունակությունը նաեւ իրողական փաստն է համայն հայության միասնականության, եւ միացման եզրը կազմող տարասփյուռ հայության բազում ու բազմատեսակ հատվածների:
Միաժամանակ անհրաժեշտ է հաստատել, որ հայության համազգային նպատակների իրականցման տեսանկյունից անգնահատելի է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ամրապնդումը: Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու Արցախի հայությունը երաշխավորն են ամբողջ Հայաստանի ապահովության ու զարգացման: Հետեւաբար, այդ շրջաններում ներդրումը հետապնդում է համահայկական նպատակներ:
Ուստի, կոչ ենք ուղղում հայության բոլոր մասնիկներին` մեծ թվով եւ լիաբուռն կերպով մասնակցելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի հանգանակությանը»:




























